Հրակայուն նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրակայուն նյութեր, 1580 °C-ից ոչ ցածր հրահեստություն ունեցող նյութեր (շինվածքներ), որոնք պատրաստվում են հիմնականում միներալային հումքից։ Ըստ քիմիական-միներալային բաղադրության՝ հիմնականում տարբերում են սիլիկահողային, ալյումասիլիկատային և մագնեզիալ հրակայուն նյութեր։ Սիլիկահողային հրակայուն նյութերից են դինասը (տես Դինասային հրահեստ շինվածքներ) և քվարցային ապակին։ Ալյումասիլիկատային հրակայուն նյութերը լինում են երեք տեսակի՝ կիսաթթվային, շամոտային և բարձրկավահողային։ Այս դասին է պատկանում բակոր (պարունակում է 33-36% (), մոտ 50% () հրահեստ նյութը։ Մագնեզիալ հրակայուն նյութերը (մագնեզիտային, դոլոմիտային, ֆորստերիտային) բաղկացած են հիմնականում պերիկլազ միներալից ()։ Հրակայուն նյութերից, բացի քիմիական բաղադրությունից և հրահեստությունից, բնութագրվում են ամրությամբ, դեֆորմացման ջերմաստիճանով (բեռնվածքի դեպքում), ջերմակայունությամբ, խարամակայունությամբ, չափերի փոփոխություններով (տաքացման դեպքում), ջերմահաղորդականությամբ, իսկ չկաղապարված հրակայուն նյութերը՝ նաև դիսպերսության աստիճանով այլ ցուցանիշներով։ Հրակայուն նյութերի և շինվածքների մեծ մասի արտադրության տիպային սխեման հետևյալն է. ելանյութերի նախապատրաստում, թրծում՝ եռակալված կիսաֆաբրիկատ ստանալու նպատակով, վերջինիս մանրացում, կապակցող բաղադրանյութերի ավելացում, խառնում, շինվածքների կաղապարում և թրծում թունելային կամ այլ վառարաններում՝ 1300-1750 °C-ի պայմաններում։ Չկաղապարված հրակայուն նյութերի արտադրությունում պրոցեսն ավարտվում է բաղադրանյութերի մանրացումով և խառնումով։ Հրակայուն նյութերը կիրառվում են ջերմաագրեգատների, մետաղների ստացման ու հալման վառարանների կառուցման, կիսաֆաբրիկատների տաքացման, կոքսի ստացման, ցեմենտի թրծման համար և այլն։ Հրակայուն նյութերի մեծ մասը սպառում է սև և գունավոր մետալուրգիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618