(Translated by https://www.hiragana.jp/)
Տուֆ - Վիքիպեդիա

Տուֆ, ապարի տեսակ՝ բաղկացած հրաբխային ժայթքման ընթացքում դուրս մղված հրաբխային մոխրից, որը ժամանակի ընթացքում քարացել է։

Տուֆապատ փողոց Գյումրիում

Տուֆը կազմված է հրաբխային ապակուց և պեմզայի բեկորներից։ Հանդիպում են նաև տուֆեր, որոնք բաղկացած են ամբողջական բյուրեղներից կամ նրանց բեկորներից։

Հայաստանում

խմբագրել

Հիմնականում տարածված են Հայկական հրաբխային բարձրավանդակում՝ Արագածի լեռնազանգվածում, Կարսի սարահարթում, Սյունիքի, Բյուրակնի, Ջավախքի բարձրավանդակներում, Կոտայքի, Եղվարդի սարավանդներում, Շիրակի դաշտում, Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում, Ախուրյան, Փամբակ գետերի հովիտներում և այլն։ Հայտնի են հայկական հրաբխային տուֆերի՝ Արթիկի (վարդագույն), Անիի (դեղին), Երևան-Գյումրու (սև, կարմիր), Գեղաքարի (Գեղարքունիքի մարզ, բաց վարդագույն, մարմնագույն), Մեծավանի (մուգ վարդագույն, կարմրավուն, մարմնագույն, դեղնավուն և այլն ) և Ձորագետի (Լոռու մարզ, աղյուսագույն, կարմրավուն) տարատեսակները։

Տուֆերը ստորաբաժանվում են ըստ բեկորների կազմի, բնույթի և չափերի։ Ըստ քիմիական կազմության՝ տուֆերը լինում են լիպարիտային, դացիտային, անդեզիտային, բազալտային։ Գույնը տարբեր է՝ մանուշակագույն-վարդագույն (Արթիկի տուֆ), դեղին, նարնջագույն և սպիտակ (Անիի տուֆ), սև (Երևանի, Գյումրիի տուֆ) և այլն։

Ըստ բեկորների կազմի՝ տարբերում են ապարաբեկորային, բյուրեղաբեկորային, ապարաբյուրեղաբեկորային, ապակեբյուրեղային և այլ տուֆեր։ Հայկական հրաբխային տուֆը բնորոշվում է անկանոն բեկորազանգվածով։

Ըստ բեկորների ջերմազոդման աստիճանի՝ տուֆերը լինում են թույլ թրծված (մոխրանման), ջերմազոդված (իգնիմբրիտներ) և գերջերմազոդված (հալված) տուֆեր կամ տուֆալավաներ։

Տուֆի առաջացումը կարող է ընթանալ կամ օդից անմիջական նստեցման ճանապարհով՝ հրաբխի ժայթքման դեպքում, կամ էլ ջրային և օդի հոսանքներով տուֆային նյութի տեղափոխման հետևանքով։ Տուֆը կիրառվում է որպես շատ արժեքավոր շինանյութ (թեթև բետոնների լցանյութ, շինարարական քար), որն ունի բարձր դեկորատիվ որակներ։

Հրաբխանստվածքային տուֆի բեկորների չափերից կախված՝ առանձնացնում են կոպտաբեկորային, խոշորաբեկորային, միջինբեկորային և մանրաբեկորային տարատեսակներ։ Միներալային խառնուրդների առկայության դեպքում դրանք ստանում են վառ կանաչ, կապտականաչ, վարդագույն, կարմիր գույներ։ Շիրակի, Բազումի, Փամբակի լեռնաշղթաներում, Վայոց ձորում, մերձերևանյան շրջանում տարածված են էոցենի վարդագույն, կանաչավուն և խայտաբղետ տեսակները։ Պայմանականորեն այս խմբին են պատկանում նաև կրաքարային (տրավերտին) և կայծքարային (գեյզերիտ) տուֆերը, որոնք առաջանում են հրաբխային գործունեության ավարտական փուլում՝ հանքային տաք աղբյուրներից կարբոնատային ու սիլիցիումային նյութերի անջատման ու նստեցման հետևանքով։ Տարածված են Հայաստանի Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։

Օգտագործվում են շինարարության, քանդակագործության, կիրառական արվեստի և այլ բնագավառներում։

  Ընթերցե՛ք «տուֆ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։