(Translated by https://www.hiragana.jp/)
Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում - Վիքիպեդիա Jump to content

Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, պատմական փուլ, որի ընթացքում Պաղեստինը գտնվել է Օսմանյան կայսրության կազմում: Պատմական այս փուլը տևել է 1516-ից մինչև 1917 թվականը: Հենց այս ժամանակահատվածում էականորեն մեծացավ հրեաների թվաքանակը` ի հաշիվ եվրոպական երկրներից տեղի ունեցած տեղափոխության:

Օսմանյան ուժերի կողմից Պաղեստինի գրավում

Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 13-րդ դարի վերջում թուրք-մուսուլմանների կողմից: Այն ստեղծվել է Անատոլիական սարահարթի տարածքում: 14-15-րդ դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը այնքան հզորացավ, որ կարողացավ մեկը մյուսի հետևից գրավել նորանոր տարածքներ և դառնալ աշխարհակալ տերություն: Մասնավորապես նրանք հաջողության հասան Բալկանյան թերակղզու տարածքում, որը գրեթե ամբողջությամբ գրավեցին, ինչպես նաև Փոքր Ասիայում և կարողացան հասնել մինչև Իրանական բարձրավանդակ: 1453 թվականին թուրք-օսմանները գրավեցին Կոնստանդնուպոլիս քաղաքը և դրանով իսկ վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը: Պարսկական բանակի նկատմամբ Չալդիրանի սարահարթում ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո օսմանյան բանակը ուղղվեց մամլուքների դեմ, որի նկատմամբ նրանք նույնպես հաղթանակներ տարան:

Պաղեստինի տարածքը գրավվեց սուլթան Սելիմ Ա Ահեղի կողմից: 1516 թվականի օգոստոսի 24-ին Մարջ Դեբեկեի մատույցներում` Հալեպից հյուսիս ընկած տարածքում տեղի ունեցած ճակատամարտում մամլուքների բանակը ջախջախիչ պարտություն կրեց[1]: Իսկ 1517 թվականին Սելիմը փայլուն հաղթանակ կարողացավ տանել մամլուքների նկատմամբ Կահիրե քաղաքի մատույցներում և նրանց հեռացրեց պատմության թատերաբեմից:[2]:

Գրեթե 400 տարի Պաղեստինը մասն էր կազմում Օսմանյան կայսրության: Օսմանյան կայսրությունն իր մեջ ներառում էր նաև Հարավարևելյան Եվրոպայի զգալի մասը, Միջին Ասիան, Մերձավոր Արևելքը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան[3]:

Իշխանական մարմիններ ու վարչական կառուցվածք

Օսմանյան կայսրությունը Պաղեստինը գրավելուց հետո դեռ 50 տարի զբաղված էր հզորացմամբ և նորանոր տարածքների նվաճմամբ: Կառավարման սկզբնական շրջանում Օսմանյան կառավարիչներն ամեն ինչ անում էին տարածքը շենացնելու ու բարեփոխումներ անելու համար, և մեծ ծախսեր էին անում բնակիչների համար կայուն սոցիալական վիճակ ստեղծելու համար: Կայսրությունում մուսուլմանական կրոնն առանձնացված չէր կառավարությունից, բացի այդ կային ինչպես կրոնական, այնպես էլ իշխանական հոգևոր մարմիններ[4]:

Կայսրության տարածքը բաժանված էր վարչական մարմինների` պրովինցիաների, որոնք հետագայում կոչվեցին վիլայեթներ: Վիլայեթները ղեկավարվում էին բեյլերբեյների կամ վալիների կողմից: Հետագայում այդ պաշտոնը սկսեցին զբաղեցնել վեզիրները: Նրանք հետագայում կոչվեցին փաշաներ: Վիլայեթները բաժանվում էին առանձին շրջանների, որոնք կոչվում էին սանջակներ: Սանջակները ղեկավարվում էին սանջակ-բեյերի կողմից[5]: Չնայած այն հանագամանքին, որ Պաղեստինի տարածքը գտնվում էր կայսրության կենտրոնական հատվածում, այնուամենայնիվ այն կարևոր տարածք չէր համարվում և հեռու էր սուլթանների ուշադրությունից: Կայսերական իշխանությանը ոչ մի տեսակի վտանգ չէր սպառնում 16-17-րդ դարերում: Միակ լուրջ խնդիրը առևտրական քարավանների վրա ավազակախմբերի հարձակումներն էին[6]:

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում պրովինցիայի և վարչական շրջանների սահմանները բազմաթիվ անգամներ փոփոխությունների ենթարկվեցին: Սկզբնական շրջանում Դամասկոսի պրովինցիան, որի մեջ մտնում էր նաև Պաղեստինը, բաժանվում էր 11 սանջակների: 11 սանջակներից 5-ը Պաղեստինյան հողեր էին` Ցֆատ, Լեջուն, Շհեմ, Երուսաղեմ և Գազա: 17-րդ դարի սկզբին Դամասկոսի պրովինցիայի մի մասն առանձնացավ և ձևավորվեց Սիդոնի վարչական շրջանը, որի մեջ ներառված էին Լիբանանյան լեռները, Գալիլեյան և Միջերկրածովյան շրջանները[7]:

1800-1831 թվականներին Պաղեստինի տարածքը բաժանվեց 2 էյալեթների: Արևելակենտրոնական լեռնային շրջանը, որը գտնվում էր հյուսիսում` մինչև Հևրոն ընկած տարածքը, հարավում հասնում էր մինչև Երուսաղեմ, ներառված էր Դամասկոսի էյալեթի կազմում, իսկ Գալիլեյան և ափամերձ շրջանները մտնում էին Սիդոնի կազմի մեջ: Նեգևի զգալի մասն այդ ժամանակահատվածում գտնվում էր օսմանյան սուլթանների վերահսկողությունից դուրս:

1832 թվականին Պաղեստինի տարածքը նվաճեց Իբրահիմ փաշան: Վերջինս Եգիպտոսի Մուհամեդ Ալի թագավորի 1-ին խորհրդականի որդին էր և զորքերի գլխավոր հրամանատարը: Պաղեստինի հյուսիսային սահմանը ձգվում էր մինչև Սիդոն: Այն համարվում էր Դամասկոսի կենտրոնական պրովինցիան: Եգիպտացիները, որոնք իշխեցին Պաղեստինում 8 տարի (1832-1840 թվականներին), իրականացրեցին եվրոպական մի քանի բարեփոխումներ[8]:

Պրովինցիայի բնակչություն և ժողովրդագրական կազմ

Օսմանյան կայսրության կազմում բնակվող հրեաները և քրիստոնյաները ունեին «զիմմի» կարգավիճակ, այսինքն՝ նրանք ունեին կրոնական և քաղաքացիական ազատություններ, բայց իրավունք չունեին զենք կրել, ծառայել բանակում, ձի հեծնել, ինչպես նաև նրանք պարտավորված էին վճարել մի շարք հարկեր[9]: Այդ ժամանակահատվածում հրեաները հիմնականում ապրում էին արտասահմանից իրենց երկիր ուղարկված օգնությունների հաշվին: Միջնադարում հրեական խոշոր համայնքներ կային Երուսաղեմում և Ցֆատում, իսկ ավելի փոքր համայքներ կային Նաբլուսում և Հևրոնում[10]:

1800 թվականին Պաղեստինի բնակչությունը չէր գերազանցում 300.000, որից միայն 5000-ն էր հրեա (սեֆարադներ): Հրեական հիմնական համայքները տեղակայված էին 4 խոշոր քաղաքներում: Քրիստոնեական խոշոր համայնքները` մոտ 25.000, գտնվում էին Երուսաղեմում, Նազարեթում և Բեթղեհեմում: Քրիոտոնեական ուղղություններից տիրապետող էին հիմնականում հայ առաքելականությունը, ուղղափառությունը և կաթոլիկությունը: Բնակչության զգալի մասը մահմեդական էր, հիմնականում՝ սունիներ[8]:

19-րդ դարի վերջում Երուսաղեմը կրկին դարձավ հրեաների կարևորագույն կենտրոնը: Ցֆատը, որը նույնպես պայքարում էր հոգևոր կենտրոն դառնալու համար, զգալիորեն տուժեց 1837 թվականի երկրաշարժի պատճառով: Վերջինս խլեց մոտ 2000 մարդու կյանք, և երբեմնի խոշոր քաղաքը անկում ապրեց:

1841 թվականին Պաղեստինը և Սիրիան նորից հայտնվեցին Թուրքիայի վերահսկողության տակ: Այդ ժամանակահատվածում հրեաների քանակը կրկնակի աճել էր, մինչդեռ քրիստոնյաների և մահմեդականների հարաբերակցությունը մնացել էր նախկինի նման[8]:

1880 թվականին Պաղեստինի բնակչությունը հասավ 450 հազարի, որից 24 հազարը կազմում էին հրեաներ: Հրեաների մեծամասնությունը բնակվում էր 4 հիմնական քաղաքներում. Երուսաղեմ, որտեղ հրեաները կազմում էին 25 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքի գրեթե կեսը, Ցֆատ` 4 հազար, Տվերի` 2.5 հազար, Հևրոն` 800, Յաֆֆա` 1 000, Հայֆա` 300: 19-րդ դարի վերջում Երուսաղեմը դարձավ Պաղեստինի կարևորագույն քաղաքը[8]:

Հրեական ներգաղթ

Թեոդոր Գերցլ, հանդիսանում է քաղաքական սիոնիզմի հեղինակը

Արտասահմանում ապրող հրեաների շրջանում միշտ էլ եղել է հայրենիք վերադառնալու և մայր հողում ապրելու ձգտումը: Նրանց նպատակն էր վերադառնալ Սիոն լեռան մոտ: Սկսած 12-րդ դարից` խաչակրաց արշավանքներից հետո, հրեաների մոտ նոր շունչ առավ հայրենիք և սուրբ հwղ վերադառնալու ձգտումը: 1492 թվականին ներգաղթի նոր փուլ նկատվեց` պայմանավորված Իսպանիայից հրeաների արտաքսումով: Ներգաղթյալները հիմնականում տեղավորվեցին Ցֆատում:

Պաղեստինի` Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած տարիներին տեղի ունեցան ներգաղթի երեք խոշոր փուլեր։

  • 18-րդ դարի սկզբին տեղի ունեցավ հրեաներին հայրենիք վերադարձնելու առաջին լուրջ փորձը` հայրենադարձության առաջին ալիքը: Արդյունքում Երուսաղեմում զգալիորեն մեծացավ քրիստոնյա բնակչության թվաքանակը: Հայրենադարձության կազմակերպիչը 1770-ական թվականներին հայրինիք վերադարձած Եհուդա Հասիդն էր, ում նախաձեռնությամբ բազմահազար հրեաներ վերադարձան Երուսաղեմ: Մինչև նրանց վերադառնալը Երուսաղեմում բնակվում էր 1200 հրեա, որոնցից 200-ը աշքենազներ էին: Սակայն վերադառնալուց անմիջապես հետո Հասիդը մահացավ: Նրա հետևորդների և պարտքերով ծանրաբեռնված աշքենազների միջև առաջացան տարաձայնություներ` աշքենազների սինագոգիայի այրման հետ կապված, և աշքենազների մեծ մասը հեռացավ քաղաքից: Այդ միջադեպից հետո հայրենադարձներ տեղավորվում էին Հևրոն, Ցֆատ և Տֆերիա քաղաքներում[8]:

Կայսրության անկում և Առաջին համաշխարհային պատերազմ

Օսմանյան կայսրության օր օրի թուլացումը և անկումը 18-րդ դարի վերջին բերեցին նրան, որ պրովինցիան գրեթե դադարեց ենթարկվել կենտրոնական մարմիններին, իսկ եվրոպական երկրները ավելի ու ավելի սկսեցին միջամտել պետության ներքին գործերին:

1799 թվականին Պաղեստին ներխուժեց Նապոլեոն Բոնապարտը: Ֆրանսիացիները մեկը մյուսի հետևից գրավեցին Գազան, Ռամլան, Լոդոմը և Յաֆֆան: Սակայն ֆրանսիական աշխարհակալը չկարողացավ գրավել Ակկոյի ամրությունը և ստիպված եղավ վերդադառնալ Եգիպտոս[8]:

19-րդ դարի վերջին Եգիտոական պրովինցիայի տիրակալ Մուհամեդ Ալին դարձավ գրեթե անկախ և այլևս չէր ընդունում սուլթանի գերիշխանությունը: Վերջինս 1832 թվականին գրավեց Սիրիան և Պաղեստինը` պարտության մատնելով թուրքական բանակին Կոնիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Այնուամենայնիվ Թուրքիան կարողացավ վերականգնել այդ տարածքների նկատմամբ իր վերահսկողության իրավունքը Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի օգնությամբ[17]:

1838 թվականին բացվեց առաջին ոչ ծովափնյա հյուպատոսարանը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները այն բացեցին Երուսաղեմում: Հաջորդ 20 տարիների ընթացքում արևմտյան գերտերությունները իրենց հյուպատոսարանները բացեցին նույն քաղաքում[8][18]:

1839 թվականին կայսրությունում ընդունվեց թանզիմաթի (բարենորոգումներ) հրովարտակը: Բարենորոգումները շարունակվեցին հաջորդ 3 սուլթանների կառավարման ժամանակ` Աբդուլ Մեջիդ, Աբդուլ Ազիզ Առաջին, Աբդուլ Համիդ: Այս բարենորոգումները ազդեցին նաև Պաղեստինի բնակիչների վրա[19]: Նոր օրենքները հնարավորություն տվեցին ունենալ մասնավոր սեփականություն, նպաստեցին գյուղատնտեսական ապրանքների տեսականու մեծացմանը, բնակչության թվաքանակի մեծացմանը, ինչպես նաև կյանքի որակի բարելավմանը[20]: Եվրոպական գերտերությունները շարունակում էին մեծացնել իրենց ազդեցությունը Թուրքիայի կառավարման համակարգում:

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առաջացած դիվանագիտական կոնֆլիկտները` քրիստոնեական ժառանգությանը տիրելու համար, Ղրիմի պատերազմի պատճառ հանդիսացան: Զգալիորեն մեծացավ նաև զբոսաշրջիկների թվաքանակը. 1880 թվականին պրովինցիայի բնակչությունը հասավ 450 հազարի[8]:

Վալտեր Լակերը իր հուշերում գրում է, որ 19-րդ դարի միջնամասում Պաղեստինը գտնվում էր անկումային վիճակում[18]: Լյուբարսկին, անդրադառնալով 19-րդ դարի վերջին պրովինցիայի վիճակին, նշում է, որ նահանգի վատ վիճակի պատճառը կապված է տեղական վարչական մարմինների վատ և անփույթ աշխատանքի հետ: Նա գրում է , որ մեծ թվաքանակի հասնող կաշառքները, որոնք վճարվում են տեղական չինովնիկներին, սպանում են ցանկացած նախաձեռնություն, իսկ սեփականատերերին դարձնում են անպաշտպան: Նա որպես օրինակ ներկայացնում է Երուսաղեմի նորագույն ջրամատակարարման համակարգի կառուցման փորձը` պատճառաբանելով, որ այն կաշառքները, որոնք տրվել էին ծրագրի իրականացման համար, կիսով չափ էին զիջում հենց նախագծի արժեքին[21]:

Առաջին համաշխարհային պատերազմը իր հերթին նույնպես զգալի վնասներ հասցրեց Պաղեստինին: Թուլացան հարաբերությունները մատակարարների հետ, որի արդյունքում մեծացավ անապահով բնակչության թվաքանակը և շատերը մատնվեցին սովի: Սուլթանը պատերազմի մեջ մտավ որպես Գերմանիայի դաշնակից և արդյունքում պարտություն կրեց:

1917 թվականին բրիտանական բանակը հարավից ներխուժեց Պաղեստին և իր տիրապետության տակ վերցրեց Բեեր-Շևան, Գազան և Յաֆֆան: 1917 թվականի դեկտեմբերի 11-ին գեներալ Էդմունդ Ալեբիի գլխավորած բանակը ներխուժեց Երուսաղեմ: Երկրի հյուսիսային շրջանները մինչև 1918 թվականի սեպտեմբեր շարունակեցին մնալ թուրքական բանակի տիրապետության տակ: Հետագայում Պաղեստինն ամբողջությամբ անցավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: Այսպիսով ավարտվեց օսմանյան, ավելի ուշ նաև թուրքական տիրապետության ժամանակահատվածը Պաղեստինում [8]:

Ծանոթագրություններ

  1. Розен, 1998, էջ 12
  2. Йосеф Дрори. Иерусалим под властью Айюбидов и Мамлюков. — Тель-Авив: Открытый университет Израиля, 1998. — Т. 7. — С. 68. — 181 с. — (Иерусалим в веках).
  3. «Palestine: The Crusades» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 19 сентября 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  4. Розен, 1998, էջ 15-17
  5. Розен, 1998, էջ 18-19
  6. Розен, 1998, էջ 59
  7. Розен, 1998, էջ 19
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Израиль. Земля Израиля (Эрец-Исраэль). Исторический очерк՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. Турция՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Лакер, 2000, էջ 65
  11. 11,0 11,1 «Immigration». Jewish Virtual Library (անգլերեն). The American-Israeli Cooperative Enterprise. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 12 июля 2007-ին. The source provides information on the First, Second, Third, Fourth, and Fifth Aliyot in their respective articles. The White Paper leading to Aliyah Bet is discussed here.
  12. Kornberg, 1993: «How did Theodor Herzl, an assimilated German nationalist in the 1880s, suddenly in the 1890s become the founder of Zionism?»
  13. Herzl, 1946, էջ 11
  14. «Chapter One: The Heralders of Zionism» (անգլերեն). Jewish Agency for Israel. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 12 июля 2007-ին.
  15. Stein, Leslie (2003), The Hope Fulfilled: The Rise of Modern Israel, Greenwood Press, էջ 88, ISBN 0275971414
  16. Romano, 2003, էջ 30
  17. Розен, 1998, էջ 138-139
  18. 18,0 18,1 Лакер, 2000, էջ 66
  19. Барталь, 1998, էջ 155
  20. «Palestine: Ottoman rule» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին. Վերցված է 2012-9-1-ին.
  21. Любарский Г. А. Палестина, её настоящее и будущее. — Варшава, 1900. — С. 53-55. — 185 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում» հոդվածին։