(Translated by https://www.hiragana.jp/)
Սուզանավ - Վիքիպեդիա Jump to content

Սուզանավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Թայֆուն դասի ռուսական սուզանավ

Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են։ Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում։ Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ։ Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ։ Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես։ Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին։

Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը։ Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին։ Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ։ Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ։ Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հազար տոննա է։