(Translated by https://www.hiragana.jp/)
Ջոկ - Վիքիպեդիա Jump to content

Ջոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական կազմավորում
Տիպային ստորաբաժանումներ Տիպային քանակ Տիպային հրամանատար
ջոկ 8–12 սերժանտ
դասակ 15–30 լեյտենանտ
վաշտ 80–150 կապիտան/մայոր
գումարտակ 300–800 փոխգնդապետ
զորագունդ/
բրիգադ
3,000–5,000 գնդապետ/
բրիգադի գեներալ
դիվիզիա 10,000–30,000 գեներալ-մայոր
կորպուս 30,000–50,000 գեներալ-լեյտենանտ
դաշտային բանակ 100,000–300,000 գեներալ
բանակային խումբ 2+ դաշտային բանակներ ֆելդմարշալ/
բանակի ղեկավար
Մարզ/
ռազմաբեմ
4+ բանակային խմբեր գերագույն գլխավոր հրամանատար

Ջոկ, շատ պետությունների զինված ուժերում այսպես կոչված սկզբնական, ամենափոքր, ամենաստորին մարտավարական ստորաբաժանումը, որը բաղկացած է 6-ից 12 զինվորից՝ երբեմն սերժանտի կամ կրտսեր սերժանտի, երբեմն կապրալի և դրանց համարժեք կոչումներն ունեցող զինծառայողների հրամանատարությամբ։ 2-4 ջոկը կարող են կազմել մեկ դասակ։ Ջոկերը լինում են հրաձգային, մոտոհրաձգային, պարաշյուտա-դեսանտային, ծովային հետևակի, ինժեներա-սակրավորական, կապի և այլն, և կազմում են համապատասխան զորատեսակների դասակների հիմնական կառուցվածքային միավորը[1]։ Որոշ արևմտյան բանակներում ջոկերը կազմված են սեկցիաներից, այլ բանակներում, ընդհակառակը՝ 2 կամ ավելի սեկցիան կարող են կազմել 1 ջոկ։ Երբեմն ջոկերը կազմված են 2 կրակային խմբից, թիմից, կամ 1 կրակային և 1 մոբիլ խմբից (թիմից)։

Համապատասխանությունը որոշ զորատեսակների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանդարտ ՆԱՏՕ-ական ռազմական քարտեզագրական խորհրդանիշը՝ յուրային հետևակային ջոկի համար:

Մոտոհրաձգային, մոտոհետևակային և հետևակային ջոկերը նախատեսված են դասակի կազմում հարձակման և պաշտպանության մարտական խնդիրներ իրականացնելու համար։

  • -Ջոկի համարժեքը տանկային զորքերում և ռազմաօդային ուժերում համապատասխանաբար՝ տանկի կամ ինքնաթիռի, ուղղաթիռի անձնակազմն է (էկիպաժ)։
  • -Հրետանային զորքերում ջոկին համապատասխանում է հաշվարկը կամ հրանոթի հաշվարկը։
  • -Ռազմական նավի անձնակազմում ջոկն իր մեջ միավորում է միևնույն մասնագիտության 2-ից մինչև 10 մարդ և սովորաբար մտնում է թիմի կամ խմբի՝ կոմանդայի կազմի մեջ[1][2]։

Ջոկը զանազան պետությունների հետևակային զորքերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարական բանակի հետևակային ջոկը՝ «Մովագ Պիրանյա» ԶՓ-ով՝ զորավարժության ժամանակ: 2006 թ. հոկտեմբերի 27[3]:

ՆԱՏՕ-ի պետությունների բանակներում հետևակի և հեծելազորի դասակներում ջոկերը ստեղծվել են XX դարի 30-ական թվականներին՝ մարտական խմբերի փոխարեն։

ԱՄՆ-ի բանակում մոտոհետևակային (հետևակային) ջոկերը կազմված են 9 մարդուց.

  • ջոկի հրամանատար՝ ջոկապետ,
  • ջոկապետի օգնական՝ փոխջոկապետ,
  • 2 գնդացրորդ,
  • դիպուկահար,
  • հակատանկային ռեակտիվ համալիրի՝ ՀՏՌՀ նշանառու,
  • մեխանիկ-վարորդ,
  • հրանոթի նշանառու,
  • հրաձիգ։

Գերմանիայի Բունդեսվերում մոտոհետևակային ջոկը համանման կերպով կազմված է 9 մարդուց[1][4]։

Խորհրդային Ռուսաստանի Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի Բանվորագյուղացիական կարմիր բանակում՝ ԲԳԿԲ-ում, հրաձգային ջոկը սկզբնապես կազմված էր 19 մարտիկից, որոնք զինված էին հրացաններով։ Հետագայում հրաձգային ջոկ անվանումը կրող ստորաբաժանման կազմը քանիցս փոխվեց։ 1942 թվականին ԽՍՀՄ Կարմիր Բանակի հրաձգային ջոկում հաշվվում էր 9 մարդ, որոնց սպառազինությունը կազմված էր 1—2 ձեռքի գնդացրից, 1 ատրճանակ-գնդացրից և մի քանի հրացանից[4]։

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության մոտոհրաձգային ջոկը, որը սպառազինության մեջ ունի Հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ, կազմված է 9 մարդուց և ունի հետևյալ կառուցվածքը՝

  • ՀՄՄ-ի անձնակազմ
  • ՀՄՄ-ի հրամանատար, նույն ինքը՝ ջոկի հրամանատար,
  • ՀՄՄ-ի հրամանագարի տեղակալ, նույն ինքը՝ նշանառու-օպերատոր,
  • մեխանիկ-վարորդ,
  • Դեսանտ
  • ավագ հրաձիգ,
  • հրաձիգ,
  • 2 գնդացրորդ,
  • նռնականետորդ
  • նռնականետորդի օգնական[1][4]։

Ներկայիս Ռուսաստանի Դաշնության մոտոհրաձգային ջոկը, որը սպառազինության մեջ ունի զրահափոխադրիչ՝ ԶՓ, կազմված է 9 մարդուց և ունի հետևյալ կառուցվածքը՝

  • ջոկի հրամանատար,
  • գնդացրորդ,
  • ավագ հրաձիգ (ԶՓ-ի գնդացրի նշանառու),
  • դիպուկահար,
  • հրաձիգ-նռնականետորդ,
  • հրաձիգ-նռնականետորդի օգնական,
  • 2 հրաձիգ (ինքնաձիգներով),
  • ԶՓ-ի վարորդ[1][4]։

Հետևակային ջոկի կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինական մոտոհրաձգային ջոկը՝ ԹԱԲ-77 զրահապատ փոխադրիչով: Սա տիպական խորհրդային մարտակարգ է, որտեղ կիրառվում է ՊԿ ընդհանուր նշանակության գնդացիր և ՌՊԿ թեթև ձեռքի գնդացիր՝ կենտրոնում և երկու զինվոր ԱԿ-47 ինքնաձիգներով, ինչպես նաև ՌՊԳ-7 նռնականետերը՝ թևերում: ևս մեկ զինվոր ապահովում է կապը նրանց միջև կամ էլ՝ լրացուցիչ կրակը՝ անհրաժեշտության դեպքում:

Հետախուզության, երթային և պահակային հսկողության իրականացման ժամանակ ջոկերը կարող են գործել ինքնուրույնաբար։

Ըստ իրադրության՝ ջոկը գործում է հետիոտն կարգով կամ հաստիքային զրահատեխնիկայի մեջ (ՀՄՄ, ԶՓ)։ Հետիոտն կարգով հարձակվելիս ջոկը բացազատվում է շղթայաձև։ Պաշտպանության ժամանակ հետևակի ջոկին տրվում է մինչև 100 մետր լայնությամբ ճակատային գիծ[1]։ Հարձակվելիս ջոկին հանձնարարվում է մինչև 50 մետր լայնությամբ ճակատ[5]։

Ջոկի հրամանատարներ տարբեր երկրների բանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների բանակներում ջոկի հրամանատարներն ունեն հետևյալ կոչումները`

  • Հայկական բանակ` Կրտսեր սերժանտ կամ Սերժանտ
  • Ավստրալիական բանակ` Կապրալ
  • Ավստրիական բանակ` Վախմիստր, Օբերվախմիստր
  • Բրազիլական բանակ` Բրազիլական բանակում Grupo de Combate-ը ջոկին համարժեք ստորոբաժանում է, որի հրամանատարն է երրորդ դերժանտը ինչպես ԱՄՆ բանակում։
  • Բրիտանական բանակ` Կապրալ
  • Կանադական բանակ` Սերժանտ կամ Գլխավոր Կապրալ
  • Խորվաթական բանակ` Սերժանտ (դեսանտնիկ) կամ Ստորաբաժանման սերժանտ (նարեդնիկ)
  • Դանիական բանակ` Սերժանտ
  • Էստոնական բանակ` Սիրժանտ (պահեստային) կամ Նուրեմվիբել (պրոֆեսիոնալ)
  • Ֆիննական բանակ` Ալիկերսանտի կամ Կերսանտի (Կապրալ կամ Սերժանտ)
  • Գերմանական բանակ` Ֆելդվեբել կամ Օբերֆելդվեբել
  • Իսրայելի բանակ` Սերժանտ (Սամալ) կամ Ավագ Սերժանտ (Սամար)
  • Նորվեգական բանակ` Սերժանտ
  • Պորտուգալական բանակ` Էսկուադրայի (ջոկ) հրամանատարն է կաբոն (Կապրալ)
  • Լեհական բանակ` Դրոժինայի (ջոկ) հրամանատարն է Սիերզանտը (Սերժանտ)
  • Նիդերլանդների բանակ` Սերժանտ
  • Նիդերլանդների նավատորմ` Կապրալ
  • Ռուսական բանակ` Կրտսեր Սերժանտ կամ Սերժանտ
  • Սլովակիայի բանակ` Ռոտնի
  • Իսպանական բանակ` Սերժանտո
  • Շվեդական բանակ` Սերժանտ կամ Առաջին Սերժանտ
  • Շվեյցարական բանակ` Վախմիստր (մինչև 2004 թվականը՝ Կապրալ)
  • Թուրքական բանակ` Չավուշ
  • ԱՄՆ բանակ` Սերժանտ կամ Ավագ Սերժանտ
  • ԱՄՆ նավատորմ` Սերժանտ կամ Կապրալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Коллектив авторов Том 6, статья «Отделение» // Военная энциклопедия / Под ред. П.В. Грачёв. — М.: Воениздат, 2002. — С. 181. — 639 с. — 10 000 экз. — ISBN 5-203-01873-1
  2. Коллектив авторов статья «Отделение» // Военно-морской словарь / Под ред. Чернавин В. Н.. — М.: Воениздат, 1990. — С. 297. — 511 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00174-X
  3. Աղբյուր՝ Own photograph. Shot at the Army Days 2006 (Heerestage 2006) in Thun: Հեղինակ՝ Wikimedia Commons user TheBernFiles
  4. 4,0 4,1 4,2 4,3 Коллектив авторов Том 6, статья «Отделение» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание) / Под ред. Гречко А. А.. — М.: Воениздат, 1978. — С. 152. — 675 с. — 105 000 экз.
  5. «Боевой устав воздушно-десантных войск. Часть III. Взвод, отделение». — М.: ВоенИздат, 1983. — С. 149-152. — 213 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոկ» հոդվածին։
  • Խորհրդային մեծ հանրագիտարան։ 3-րդ հրատարակություն, հրատարակված «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության կողմից 1969-1978 թթ. 30 հատորով։ Ռուսերեն՝ Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30 томах.
  • Ռազմական հանրագիտական բառարան։ Մոսկվա, Ռազմական հրատարակչություն՝ Վոյենիզդատ, 1984, 863 էջ՝ նկարազարդումներով, 30 թերթ նկարազարդումներ։ Ռուսերեն՝ Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);

Կաղապար:Զինված Ուժեր