Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878)։ Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթեմատիկական անալիզին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880 թվական) տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովն ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովն զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 324)։