Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան (հայտնի է նաև որպես Էնցո Ֆերրարիի թանգարան), թանգարան ԻտալիայիՄոդենա քաղաքում, նվիրված Ֆերրարի մրցարշավային ավտոմեքենաների մակնիշի հեղինակ և հիմնադիր Էնցո Ֆերրարիի կյանքին և գործունեությանը։ Թանգարանային համալիրը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը Էնցո Ֆերրարիի հորը պատկանող տունն ու արհեստանոցն է եղել, իսկ մյուսն ավելացվել է հետագայում՝ «Future Systems» ճարտարապետական ընկերության կողմից։ Նոր, 6000 քառ. մետր տարածք ունեցող մասնաշենքն ունի ընդարձակ ցուցադրությունների սրահ, որտեղ մշտապես ցուցադրվում են Ֆերրարիի ամենանշանավոր ավտոմեքենաները, ներառյալ 1950-ականների հազվագյուտ մեքենաները, Ֆորմուլա 1-ի մրցարշավային մեքենաները և ամենավերջին թողարկման սպորտային մեքենաներ։ Թանգարանի ցուցադրությունների սրահը էականորեն նորացվել և թարմացվել է 2014 թվականի փետրվարին[9]։ Թանգարանում ցուցադրվում են Ֆերրարի, Ալֆա Ռոմեո և Մասերատի ավտոմեքենաներ, ինչպես նաև Էնցո Ֆերրարիի կյանքը պատկերող լայնածավալ տեսահոլովակներ։