(Translated by https://www.hiragana.jp/)
Իսլամի պատմություն - Վիքիպեդիա Jump to content

Իսլամի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամի պատմություն, իսլամի առաջացումն ու տարածումը։ Իսլամը ծագել է Հիջազում 7-րդ դարի սկզբին։ Արդեն իսլամի գոյության առաջին դարում Մուհամմադ մարգարեի մահից հետո Արաբական կայսրության ընդլայնումը հանգեցրել է խալիֆայությունների ստեղծմանը, որոնք զբաղեցնում էին հսկայական աշխարհագրական տարածք, և իսլամ ընդունելը տարածվել է միսիոներական գործունեության շնորհիվ, հատկապես սուֆիների, որոնք հեշտությամբ խառնվում էին տեղի բնակչության հետ՝ կրոնական ուսմունքները տարածելու համար[1]։ Մուսուլմանական տնտեսությամբ և առևտրով այս վաղ խալիֆայությունները և Օսմանյան կայսրության հետագա ընդլայնումը հանգեցրել է իսլամի տարածմանը Մեքքայից դուրս՝ մինչև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, և մուսուլմանական աշխարհի ստեղծմանը։ Առևտուրը կարևոր դեր է խաղացել Հարավարևելյան Ասիայում իսլամի տարածման գործում[2][3]։

Ձևավորվել են մուսուլմանական դինաստիաներ, որոնք հաջորդում էին մեկը մյուսին։ Աբբասյանները, Ֆաթիմիդները, Ալ-Մորավիդները, Սելջուկիդները, Աջուրանը, Ադալը և Վարսանգալին Սոմալիում, Մուղալները Հնդկաստանում և Սեֆյանները Պարսկաստանում, և օսմանները ստեղծել են խոշոր կայսրություններ։

Իսլամական աշխարհի ժողովուրդները ստեղծել են շատ զարգացած մշակութային կենտրոններ՝ առևտրային ցանցով, ճանապարհորդներով, գիտնականներով։ Իսլամական ընդլայնումը Հարավային և Արևելյան Ասիայում նպաստել է կոսմոպոլիտ և էկլեկտիկ մուսուլմանական մշակույթների ստեղծմանը Հնդկաստանի թերակղզում, Մալայզիայում, Ինդոնեզիայում և Չինաստանում[4]։

Նախաիսլամական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաիսլամական Արաբիան Արաբական թերակղզին էր մինչև մեր թվարկության 7-րդ դարը, երբ արաբական ցեղերը ընդունեցին իսլամ և միավորվեցին նրա կանաչ դրոշի ներքո։ Մինչ այդ արաբները և Արաբական թերակղզում ապրող սեմալեզու մյուս ժողովուրդները կերտել էին քաղաքակրթություններ, որոնցից ամենահինը ուներ 3000-ամյա պատմություն։

Ըստ մուսուլմանական աստվածաբանության՝ Մուհամմադը նոր կրոնի հիմնադիր չէր, բայց վերջին մարգարեն էր, մարգարեների կնիքը․ այսինքն նրանից հետո էլ մարգարեներ չէին լինելու։ Մուհամմադի նախորդներն էին Իսա իբն Մարիամը, Յահյան, Մուսան, Իբրահիմը և այլ մարգարեներ։

Մուհամմադ մարգարեի գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիրա քարանձավը Ջաբալ Ան-Նուր լեռան վրա, որտեղ Մուհամմադը ստացել է հայտնությունը

Իմամ Ալ-Բուխարիի հադիսների ժողովածուի համաձայն՝ 610 թվականի Ռամադան ամսին (այդ տարին օգոստոսն էր ըստ Գրիգորյան օրացույցի), երբ Մուհամմադ մարգարեն 40 տարեկան էր, Հիրա քարանձավում մենության ժամանակ նրան է հայտնվել Ջեբրայիլ հրեշտակը և թելադրել Ղուրանի առաջին հինգ այաթները[5]։ Այդ պատճառով 610 թվականը համարվում է իսլամի առաջացման տարին։

Հայտնությունից 3 տարի անց Մուհամմադ մարգարեն գաղտնի քարոզ է իրականացրել իր ընկերների և հարազատների շրջանում։ Այս շրջանում իսլամ է ընդունել մոտ 40 մարդ, որոնց թվում են եղել Մուհամմադի կինը՝ Խադիջան, Ալի իբն Աբի Տալիբը, Աբու Բաքրը և այլք։

613 թվականին Մուհամմադը Մեքքայում հրապարակավ հանդես է եկել որպես մարգարե։ Մեքքայի իշխող շրջանակները թշնամաբար են վերաբերվել Մուհամմադին, հետևաբար Մեքքայում նրա դիրքը դարձել է ռիսկային, և 622 թվականին նա ստիպված է եղել Հիջրա կատարել, այսինքն տեղափոխվել Մադինա։

Մադինայում բնակվող աուսա և հազրաջ ցեղերը, անցնելով իսլամի, դարձել են Մուհամմադի հետևորդների հիմնական խումբը։ Մուհամմադի կյանքի ավարտին ձևավորվել է Իսլամական աստվածապետական պետություն, որը զբաղեցնում էր ամբողջ Արաբական թերակղզին՝ Արաբական խալիֆայությունը։

Ուղղափառ խալիֆայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ խալիֆայությունը պետություն է, որը ստեղծվել է Մուհամմադ մարգարեի մահից հետո՝ 632 թվականին։ Խալիֆայությունը ղեկավարում էին չորս ուղղափառ, արդար խալիֆաները՝ Աբու Բաքր, Օմար իբն ալ-Խաթաբ, Օսման իբն Աֆան և Ալի իբն Աբի Տալիբ։ Խալիֆայության տարածքը ներառում էր Արաբական թերակղզին, Շամը, Կովկասը, Հյուսիսային Աֆրիկայի մի մասը, Եգիպտոսից Թունիս և Իրանական լեռնաշխարհը։ Ուղղափառ խալիֆայությունը սկիզբ է դրել Արաբական խալիֆայությանը։

Խալիֆայության ընդլայնումը 632-655 թվականներին

Իր նշանակումից հետո առաջին օրերից Աբու Բաքրը ստիպված էր դժվարությունների հանդիպել։ Երբեմնի իսլամին հավատարիմ արաբական ցեղերը հեռացել էին իսլամական համայնքից՝ սպառնալով նրա միասնությանն ու կայունությանը։ Հավատուրացությունը (ռիդդ) սկսվել է Մուհամմադ մարգարեի կենդանության օրոք, սակայն հավատուրացների հետ պատերազմները սկսվել են նրա մահից հետո։ Հավատուրացությունն այնքան մեծ էր, որ ազդել է Արաբիայի բոլոր ցեղերի վրա, բացառությամբ Հիջազի (Մեքքա և Մադինա)։ Որոշ ցեղեր հրաժարվել են վճարել պարտադիր ողորմությունը (զաքաթ), ինչը նույնպես դիտվում էր որպես հեռացում իսլամի հիմնական սկզբունքներից։ Որոշ ցեղապետեր մարգարեության պահանջներ են ներկայացրել (Մուսայլիմա, Սաջահ, Տուլայհա և այլն)։

Կենտրոնական Արաբիայում ուրացության շարժումը ղեկավարել է կեղծ մարգարե Մուսայլիման։ Աբու Բաքրը մուսուլմանական բանակը բաժանել է 11 ջոկատի, որոնցից ամենաուժեղը Խալիդ իբն Ալ-Վալիդի ջոկատն էր։ Խալիդն ուղարկվել է դժվարին վայրեր և հաղթել է բոլոր մարտերում, այդ թվում՝ Մուսայլիմային Յամամայում։ Տարվա ընթացքում շարունակվել են ռազմական գործողությունները հավատուրացների դեմ, որոնք ավարտվել են Աբու Բաքրի հաղթանակով և արաբական ցեղերի միավորմամբ։

Ապստամբությունները ճնշելուց հետո Աբու Բաքրը սկսել է նվաճողական պատերազմներ Արաբական թերակղզու սահմաններից դուրս։ 633 թվականին Աբու Բաքրը Խալիդ իբն ալ-Վալիդին ուղարկել է Իրաք, որը Սասանյան կայսրության ամենահարուստ նահանգներից մեկն էր։ Դրանից հետո նա 4 բանակ է ուղարկել Սիրիա և 634 թվականին այնտեղ տեղափոխել Խալիդ իբն Ալ-Վալիդի բանակը։

634 թվականին Աբու Բաքրը հիվանդացել է և մահվանից առաջ կտակել խալիֆա նշանակել Օմար իբն ալ-Խաթաբին։ Նոր խալիֆան շարունակել է նվաճողական պատերազմները Սասանյանների, Բյուզանդական կայսրության և Եգիպտոսի դեմ։ Երբեմնի ուժեղ պետությունները՝ Բյուզանդիան և Սասանյան պետությունը, թուլացրել են միմյանց, ինչը թույլ է տվել խալիֆայության զորքերին հեշտությամբ հաղթահարել դրանք։ 640 թվականին ամբողջ Միջագետքը, Սիրիան և Պաղեստինը նահանջել են խալիֆայության վերահսկողության տակ։ 642 թվականին գրավվել է Եգիպտոսը, իսկ մեկ տարի անց՝ ամբողջ Սասանյան կայսրությունը։

Օմար իբն ալ-Խաթաբը դրել է խալիֆայության քաղաքական կառուցվածքի հիմքերը։ Նա ստեղծել է «դիվան»՝ հարկման արդյունավետ համակարգ։ Բոլոր փոխարքաները՝ էմիրները, նշանակվել են ուղղակիորեն խալիֆայի կողմից։ Օմարը շրջանառության մեջ է դրել մի օրացույց, ըստ որի՝ հաշվարկը սկսվել է Մուհամմադ մարգարեի Մեքքայից Մադինա տեղափոխվելուց (Հիջրա) հետո։ 644 թվականին Օմարը մահացու վիրավորվել է պարսիկ ստրուկ Աբու Լուլու Ֆիրուզի կողմից։

Մահվանից առաջ Օմար իբն ալ-Խատտաբը նշանակել է վեց հոգանոց խորհուրդ՝ «շարա», որոնք պետք է ընտրեին իրենցից մեկին խալիֆա։ Բոլոր հավակնորդները քուրայշիտներ էին։ Խորհուրդը թեկնածուների թիվը նվազեցրել է երկուսի (Օսման և Ալի) և խալիֆայի պաշտոնում ընտրել Օսման իբն Աֆֆանին։

Չնայած ներքին խնդիրներին՝ Օսմանը շարունակել է իր նախորդների նվաճողական պատերազմները։ Խալիֆայության բանակը գրավել է Հյուսիսային Աֆրիկան, Պիրենեյան թերակղզու ափամերձ շրջանները և ամբողջությամբ գրավել Սասանյան կայսրությունը՝ հասնելով Ինդոս գետի ստորին հոսանք։ Օսմանի օրոք ավարտվել է Ղուրանի գրավոր տեքստի հավաքագրումը մեկ գրքում։

Երրորդ խալիֆի սպանությունից հետո Մուհամմադ մարգարեի ուղեկիցները որպես նոր խալիֆա են ընտրել Ալի իբն Աբի Տալիբին։ Դրանից անմիջապես հետո Ալին պաշտոններից հեռացրել է մի շարք փոխարքաների, որոնցից մի քանիսը Օսմանի հարազատներն էին, և նրանց փոխարինել է իր վստահված անձանցով։ Ալիի օրոք խալիֆայության մայրաքաղաքը Մադինայից տեղափոխվել է Կոֆու։

Օսմանի սպանությունից հետո խալիֆայության բնակչության մի մասը՝ ազ-Զուբայրի, Թալխայի և Այշայի գլխավորությամբ, հանդես է եկել հանցագործներին պատժելու պահանջով։ Ապստամբների կողմից հավաքված բանակը մտել է Բասրա և մահապատժի ենթարկել մոտ 600 կասկածյալների, որոնք ներգրավված էին այս սպանության մեջ։ Ապստամբների հետ բանակցելու համար Բասրա է ժամանել խալիֆա Ալին իր բանակի և նրան երդված Օսմանի մարդասպանների հետ։ Սուննի աղբյուրների համաձայն՝ Օսմանի մահվան մեղավորները ռազմական գործողություններ են նախաձեռնել՝ վախենալով, որ Ալիի և ապստամբների միջև բանակցությունները կավարտվեն նրանց հետապնդմամբ և մահապատժով։ Ալիի և ապստամբների միջև ճակատամարտը մուսուլմանների միջև առաջին ճակատամարտն է և հայտնի է որպես «ուղտի օր»։ Խալիֆա Ալին հաղթանակ է տարել, Թալհան և ազ-Զուբայրը սպանվել են մարտում, իսկ Մուհամմադ մարգարեի կինը՝ Այիշան, Հասան իբն Ալիի ուղեկցությամբ ուղարկվել է Մադինա։

Դրանից հետո Սիրիայի խալիֆայի փոխանորդ Մուավիան, որը Օսմանի ազգականն էր, հրաժարվել էր երդվել խալիֆային այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանի մարդասպանները չեն պատժվել։ Ալիի և Մուավիայի միջև տեղի է ունեցել Սիֆինի ճակատամարտ, որն ավարտվել է արբիտրաժային դատարանով և դժգոհների մի մասի (խարիջիների) Ալիի բանակից դուրս գալով։ Արդյունքում Ալին կորցրել է վերահսկողությունը խալիֆայության տարածքի մեծ մասի վրա։

661 թվականին Ալին սպանվել է խարիջի իբն Մուլջամի կողմից։ Խարիջիները հույս ունեին սպանել մուսուլմանական համայնքի պառակտման «մեղավորներին»՝ Ալիին, Մուավիային և Ամր իբն ալ-Ասային, բայց նրանց չի հաջողվել սպանել Ամրին և Մուավիային։ Ալին Մարգարեի դուստր Ֆաթիմայից երկու որդի ուներ՝ Հասանը և Հուսեյնը։ Ըստ հադիսներից մեկի՝ Մարգարեն ասել է, որ «ալ-Հասանը և ալ-Հուսեյնը դրախտում երիտասարդների տերերն են»։ Այս հայտարարությունը շատ կարևոր է շիա մուսուլմանների համար, քանի որ այն նրանց համար ծառայում է որպես իմամի նկատմամբ Մարգարեի սերունդների իրավունքների հիմնական հիմնավորումներից մեկը[6]։

Հասան իբն Ալին Մուավիայի հետ պայմանավորվել է, որ երկրորդի մահից հետո խալիֆայության իշխանությունն պետք է անցնի Հասանին, սակայն Մուավիան գահը կտակել է իր որդուն՝ Եզիդին և հիմնել կառավարիչների դինաստիան։ 661 թվականին Օմայյան խալիֆայության ստեղծումը վերջ է դրել ուղղափառ խալիֆայությանը։

7-րդ դարի 30-ական թվականներին խալիֆայությունը ջախջախիչ պարտություն է կրել իր հիմնական հակառակորդների՝ Բյուզանդիային և Սասանյան պետության նկատմամբ։ 639 թվականին սկսվել է արաբների արշավը դեպի Եգիպտոս, որն ավարտվել է վերջինիս ամբողջական նվաճմամբ։ Խալիֆա Ալիի սպանությունից հետո՝ 661 թվականին, խալիֆայության գահը ստանձնել է Օմայյանների դինաստիան, իսկ խալիֆայության մայրաքաղաքը տեղափոխվել է Դամասկոս։

Հասանի և Մուավիայի միջև պայմանագիրը վճռականորեն մերժել է Հուսեյնը։ Նա հրաժարվել է Մուավիային երդվել[7]։ Մուավիայի մահից հետո իշխանությունն անցել է նրա որդուն՝ Եզիդ I-ին, որին Հուսեյնը նույնպես հրաժարվել է երդվել։ Քուֆիները անմիջապես հավատարմության երդում են տվել Հուսեյնին և նրան կանչել իրենց մոտ։ Շրջապատված իր հարազատներով և ամենամոտ մարդկանցով՝ Հուսեյնը Մեքքայից տեղափոխվել է Կոֆու։ Ճանապարհին նրան լուր է հասել, որ Իրաքում ելույթը ճնշվել է, բայց, այնուամենայնիվ, Հուսեյնը շարունակել է իր ճանապարհը։ 680 թվականի հոկտեմբերին Նայնավա քաղաքում Հուսեյնի 72 հոգանոց ջոկատը բախվել է խալիֆի 40-հազարանոց բանակին։ Համառ ճակատամարտում նրանք սպանվել են (սպանվածներից շատերը Մուհամմադ մարգարեի ընտանիքի անդամներ էին), այդ թվում հենց ինքը՝ Հուսեյնը, մյուսները գերեվարվել են։ Հուսեյնի մահը նպաստել է Ալի ընտանիքի հետևորդների կրոնական և քաղաքական միավորմանը, և նա ինքը դարձել է ոչ միայն շիական շարժման խորհրդանիշ, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհի նշանակալի գործիչ[8]։

Իսլամում շիաների, խարիջիների, մութազիլիտների և տարբեր փիլիսոփայական դպրոցների հետ կատաղի հակասությունների արդյունքում սուննիների համոզմունքների տեսական հիմքերը մշակվել են և համակարգվել։ Այս ամենն արտացոլվել է մատուրիդացիների, աշարացիների և ասարացիների (սալաֆիների) սուննի աշխարհայացքային դպրոցներում, որոնք մինչ օրս ներկայացնում են սուննիների վարդապետությունը։ Ուղղափառ իսլամական մտքի այս երեք ուղղություններն իրենց մեջ ունեն որոշ տարբերություններ, որոնք հիմնարար բնույթ չեն կրում։ Աշխարհայացքային դպրոցների հետ միաժամանակ զարգացան նաև սուննիական իրավական դպրոցները (մազհաբներ), որոնց մեջ լայն տարածում են գտել հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալիական մազհաբները։

Արաբական հետագա նվաճումների արդյունքում իսլամը տարածվել է Միջին և Մերձավոր Արևելքում, ավելի ուշ՝ Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի որոշ երկրներում։ 711 թվականին արաբները ներխուժել են Պիրենեյան թերակղզի, սակայն նրանք 732 թվականին՝ Եվրոպայով դեպի հյուսիս հետագա առաջխաղացման ժամանակ, պարտվել են Պուատիեի մոտ և դադարեցրել առաջխաղացումը դեպի Եվրոպա։

Օմայյան խալիֆայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայյան խալիֆայությունը (արաբ․՝ الخلافة الأموية) կամ Դամասկոսի խալիֆայությունը ֆեոդալական պետություն է, որտեղ իշխում էին Օմայյան դինաստիայի խալիֆաները։ Մայրաքաղաքը գտնվում էր Դամասկոսում։ Պետության ղեկավարը խալիֆան էր։ Նրա ձեռքում կենտրոնացած էր հոգևոր և աշխարհիկ իշխանությունը, որը փոխանցվում էր ժառանգաբար։ Պաշտոնական լեզուն արաբերենն է։ Արժույթը՝ ոսկե դինար և արծաթե դիրհեմ[9]։ Օմայյան խալիֆայությունը շարունակել է ուղղափառ խալիֆայության նվաճողական քաղաքականությունը և նվաճել Հյուսիսային Աֆրիկան, Պիրենեյան թերակղզու մի մասը, Կենտրոնական Ասիան, Սինդը, Տաբարիստանը և Ջուրջանը[9]։

Խալիֆայության բոլոր հողերի սեփականատերը պետությունն էր, որի ենթակայության տակ էին գտնվում նվաճված, բռնագրավված կամ պետության սեփականությունը դարձած հողերը սեփականատիրոջ մահից հետո, որը ուղղակի ժառանգ չուներ։ Պետությունը հողի սեփականատերերից գանձում էր հարկ (ուշր և հարաջ)[9]։

Պետությունը կենտրոնացնելու համար վերականգնվել է փոստային ծառայությունը, ստեղծվել են կենտրոնական գանձարանը և պետական արխիվը (դիվան Ալ-հաթիմ)։ Նվաճված ժողովուրդների զանգվածային անցումը դեպի իսլամ և մուսուլմանների ձեռքում տեղական ոչ մուսուլման բնակչությանը պատկանող հողերի կենտրոնացման գործընթացը հանգեցրել է պետական եկամուտների կտրուկ նվազմանը։ 700 թվականին Իրաքի փոխարքա Հաջաջ իբն Յուսուֆը (694-714) հրապարակել ք մի օրենք, ըստ որի նորադարձ մուսուլմանները չեն ազատվում Ջիզիի վճարումից, իսկ հողի անցումը մուսուլմաններին չի ազատվում հարաջի վճարումից։ Դրույթը վերացվել է ավելի ուշ Խալիֆ Օմար իբն Աբդուլ-Ազիզի կողմից 718-719 թվականներին։ Խալիֆա Օմարի իրավահաջորդները վերականգնել են նրա նախորդների քաղաքականությունը՝ առաջացնելով հակաոմեյադական ելույթների նոր ալիք։ Աբու Մուսլիմի գլխավորությամբ ապստամբության արդյունքում իշխանությունն անցել է Աբբասիդներին[9]։

Աբբասյան և Ֆաթիմյան խալիֆայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբասյանները Արաբական խալիֆաների երկրորդ (Օմայյաններից հետո) դինաստիան են (750-1258), որոնք սերում են Մուհամմադ մարգարեի հորեղբոր՝ Աբբաս Իբն Աբդ ալ-Մութալիբից։ 750 թվականին Աբբասիդները տապալել են Օմայյաների խալիֆայության ողջ տարածքում, բացառությամբ Ալ-Անդալուսի։

Սամարայի մեծ մզկիթի մինարեթ, 9-րդ դար

Բաղդադի խալիֆաները կառավարել են Աբբասյան խալիֆայությունը ավելի քան հինգ դար։ Խալիֆայության գոյության առաջին շրջանում Աբբասյանները հավատարիմ էին իշխող Օմայյանների տոհմին։ Սակայն ավելի ուշ նրանք կազմակերպել ենհակաոմեյանական շարժում և ղեկավարել խալիֆայությունը։ Աբբասյան դինաստիայի առաջին խալիֆան Աբուլ-Աբաս աս-Սաֆախն էր։

9-րդ դարի կեսերից մինչև 10-րդ դարի կեսերը Բաղդադի խալիֆաները գտնվում էին Բուիդների ազդեցության տակ, որոնք դավանում էին իսլամի շիական ուղղությունը։ Խալիֆային վճարվում էր ցածր աշխատավարձ։ 974 թվականին Խալիֆա ալ-Մուտին հրաժարվել է գահից՝ հօգուտ ատ-Տայայի որդու։ 991 թվականին խալիֆա ատ-Տայի իշխանությունից դժգոհ ապստամբները մտել են պալատ և կողոպտել այն։

Մեդրեսե ալ-Մուստանսիրիան Բաղդադում

Ժամանակի ընթացքում իսմայիլական շարժումն այնքան է ամրապնդվել և աճել, որ այն ցույց տվել անկախ կրոնական հոսանքի նշաններ։ Իսմայիլականները Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Պարսկաստանի, Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի տարածքներում տեղակայվել են նոր վարդապետության քարոզիչների լավ զարգացած ճյուղավորված ցանց։ Աստիճանաբար իսմայիլացիները ուժ և ազդեցություն ձեռք բերել։ 10-րդ դարում Հյուսիսային Աֆրիկայում նրանք հիմնադրել են Ֆաթիմիդյան խալիֆայությունը։ Ֆաթիմիդների ժամանակաշրջանին է պատկանում իսմայիլական ազդեցության տարածումը Հյուսիսային Աֆրիկայի, Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի, Եմենի և Մեքքա և Մեդինա մուսուլմանների համար սուրբ քաղաքների հողերի վրա։ Ֆաթիմիդյան խալիֆայության կենտրոնը Կահիրեն էր։ Այնուամենայնիվ, իսլամական աշխարհի մնացած մասերում, ներառյալ ուղղափառ շիաները, իսմայիլացիները համարվում էին ծայրահեղ աղանդավորներ և հաճախ դաժանորեն հետապնդվում էին։ 11-րդ և 12-րդ դարի վերջին Ֆաթիմյան խալիֆայությունն արագորեն անկում է ապրել, իսկ 1171 թվականին Սալադինը ներխուժել նրա տարածք։ Նա հիմնադրել է Այուբիդների դինաստիան, որը միավորել է Ֆաթիմյան պետությունը և Աբբասյան խալիֆայությունը։

Մոնղոլական տիրակալ Գազան Խանը, ուսումնասիրում է Ղուրանը

Մինչև 11-րդ դարի երկրորդ կեսը Աբբասյանները գտնվում էին սելջուկյան թյուրքական կայսրության ազդեցության տակ։ Վերջին Աբբասիդ Ալ-Մուստասիմը սպանվել է մոնղոլների կողմից 1258 թվականին։ Մոնղոլական նվաճող Հուլագու խանի կողմից խալիֆայության պարտությունից հետո Սիրիայի և Եգիպտոսի մամլուքների սուլթանները իրենց մոտ են հրավիրել Աբբասյան դինաստիայի ողջ մնացած ներկայացուցիչներին։

Մուսուլմանական Իսպանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Անդալուսը, որով հայտնի էր մուսուլմանական Իսպանիան, Պիրենեյան թերակղզու տարածք էր միջնադարում մուսուլմանական տիրապետության ժամանակ (711-1492)։ Երբեմն այն օգտագործվում էր որպես տարածաշրջանի բոլոր պետությունների ընդհանուր անվանում՝ անկախ նրանց կրոնական և քաղաքական պատկանելությունից։ Անվանումը ստուգաբանորեն այնքան էլ հուսալիորեն չի կապվում վանդալների ժողովրդի անվան հետ, որոնք ժամանակին ապրում էին այս տարածքում. դրանից գալիս է իսպանական Անդալուսիա անվանումը, որը վերագրվում է հարավային Իսպանիայի հողերին, որոնք կազմում էին թերակղզու ամենամեծ մուսուլմանական պետությունների առանցքը։ Իսպանիայի տարածքում վերջին մուսուլմանական պետությունը Գրանադայի ամիրայությունն էր, որը քրիստոնյաների կողմից նվաճվել է 1492 թվականին։ Դրանով ավարտվել է Ռեկոնկիստան, որից հետո քրիստոնյաները սկսել են ներխուժել Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական տարածքներ, ինչպես նաև նոր հողերի որոնում՝ օվկիանոսից այն կողմ նվաճելու համար։

Արաբների և բերբերների ներխուժումից և Վիզիգոտների թագավորության անկումից հետո (711) Ալ-Անդալուսը կազմում էր Օմայյան խալիֆայության մի մասը, այնուհետև ստեղծվել է Անկախ Կորդոբայի ամիրայությունը, այնուհետև խալիֆայություն, որի կենտրոնը Կորդոբայում էր։ 1031 թվականին խալիֆայությունը բաժանվել է շատ փոքր պետությունների (թայֆա)։ Թերակղզու հյուսիսում քրիստոնեական թագավորությունների վերելքով Ալ-Անդալուս անունն ավելի ու ավելի էր կիրառվում մուսուլմանների կողմից վերահսկվող աճող տարածքի նկատմամբ։ Կաթոլիկ թագավորների զորքերի կողմից Գրանադայի գրավումը (1492) վերջ դրեց թերակղզու վերջին իսլամական պետությանը։ Զգալի մուսուլման բնակչությունը ենթարկվել է (հիմնականում բռնի) մկրտության (մորիսկի)։ 17-րդ դարի սկզբին մկրտված արաբների և մավրերի սերունդները ենթարկվել են համատարած վտարման երկրից՝ չմկրտված մնացորդների հետ միասին։

Մամլուքների սուլթանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլուքների սուլթանությունը միջնադարյան ֆեոդալական պետություն է Մերձավոր Արևելքում, որը գոյատևել է 1250-1517 թվականներին[10]։ Սուլթանությունը ձևավորվել է Կահիրեում մամլուքների կողմից իշխանության գրավման արդյունքում, որոնք տապալեցին Այուբիդների դինաստիան։

1261 թվականին Սուլթանության իշխանության տակ են անցել Արաբիայի իսլամական սրբավայրերը՝ Մեքքան և Մադինան։ 1382 թվականին մամլուք կաստան հեղաշրջում է կազմակերպել և սուլթան հռչակել Չերքեզիայի բնիկ իր ներկայացուցիչ Բարկուկին։ Բարկուկի կողմից հիմնադրված չերքեզական բուրջիտների դինաստիան ղեկավարում էր մամլուքների սուլթանությունը մինչև իր գոյության ավարտը։ 1517 թվականին սուլթանությունը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Եգիպտոսը ստացել է ինքնավար կարգավիճակ, այն ղեկավարում էին թուրք փաշայի նահանգապետերը։

Օսմանյան կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան կայսրությունը տարածքային ամենամեծ էքսպանսիայի շրջանում, 1683 թվական

Օսմանյան կայսրությունը ստեղծվել է 1299 թվականին Օսման I-ի գլխավորությամբ թյուրքական ցեղերի կողմից հյուսիսարևմտյան Անատոլիայում[11]։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո Օսմանյան պետությունը սկսել է կոչվել կայսրություն։ Կոստանդնուպոլսի անկումը թուրքական պետականության զարգացման կարևորագույն իրադարձությունն էր, քանի որ 1453 թվականի հաղթանակից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես ամրապնդվել է Եվրոպայում, ինչը ժամանակակից Թուրքիայի կարևոր բնութագիրն է։ Կայսրությունն իր ամենամեծ վերելքին հասավ 1590 թվականին։ Նրա հողերն ընդգրկում էին Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի մի մասը։ Օսմանյան դինաստիայի կառավարումը տևել է 623 տարի՝ 1299 թվականի հուլիսի 27-ից մինչև 1922 թվականի նոյեմբերի 1-ը, երբ միապետությունը վերացվել է։

Նոր մզկիթ Ստամբուլում

1517 թվականին Սելիմ I-ը ոչնչացրեց Եգիպտոսի մամլուքների պետությունը և Եգիպտոսը միացրել է իր ունեցվածքին։ Նա նաև ընդունել է հավատացյալների խալիֆայի նոր տիտղոսը։ Օսմանյան սուլթանները խալիֆայի կոչում էին կրում մինչև 1924 թվականը։

16-17-րդ դարերում Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին էր Սուլեյման Մեծի օրոք։ Այս ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը աշխարհի ամենահզոր երկրներից մեկն էր՝ բազմազգ, բազմալեզու պետություն[12]։ Նրա տիրապետության տակ էին գտնվում Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասը, Արևմտյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկան[13]։ 17-րդ դարի սկզբին կայսրությունը բաղկացած էր 32 նահանգներից և բազմաթիվ վասալ պետություններից, որոնցից մի քանիսը հետագայում գրավվել են նրա կողմից, իսկ մյուսներին տրվեց ինքնավարություն։

Կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր (Ստամբուլ)։ Նա վերահսկում էր միջերկրածովյան ավազանի տարածքները։ Օսմանյան կայսրությունը 6 դար շարունակ եղել է Եվրոպայի և Արևելքի երկրների կապող օղակը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային ճանաչումից հետո 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Լոզանի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո (1923 թվականի հուլիսի 24) հռչակվել է Օսմանյան կայսրության իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետության ստեղծումը։ 1924 թվականի մարտի 3-ին վերջնականապես վերացվել է Օսմանյան խալիֆայությունը։ Խալիֆայության լիազորություններն ու պարտականությունները փոխանցվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին[14]։

Նոր պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին իսլամում ուրվագծվում էին երկու միտումներ՝ պահպանողական և մոդեռնիստական։ Պահպանողականները (ֆունդամենտալիստները) կոչ էին անում իսլամը վերադարձնել իր սկզբնական հիմքին, վերադառնալ սուրբ տեքստերի բառացի ըմբռնմանը և մարգարեի կողմից կտակված աստվածապետական իշխանությանը։ Մոդեռնիստները ձգտում էին իսլամի առանձին դրույթները մոտեցնել ժամանակակից աշխարհի իրողություններին[15]։

19-րդ դարի վերջին գրեթե բոլոր մուսուլմանական երկրները վերածվել են կամ եվրոպական երկրների գաղութների, կամ նրանցից կախված պետությունների։ Գաղութատիրության դեմ պայքարը հանգեցրել է իսլամի աննախադեպ քաղաքականացմանը, որի գործընթացը տևել է գրեթե ամբողջ 20-րդ դարը։ Առաջացել է քաղաքական իսլամը (իսլամիզմ), որը Իրանում 1978-1979 թվականներին՝ իսլամական հեղափոխությունից հետո, ամրապնդել է իր դիրքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The preaching of Islam: a history of the propagation of the Muslim faith By Sir Thomas Walker Arnold, pg.125-126
  2. Gibbon, ci, ed. Bury, London, 1898, V, 436
  3. Jonathan Berkey, «The Formation of Islam», Cambridge University Press, January 1, 2003 (ISBN 0-521-58813-8), pg. 101—102
  4. «Eastern Islam and the 'clash of civilizations'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Сахих» аль-Бухари, Книга 1. «Начало откровений», № 3
  6. The Encyclopaedia of Islam. — Brill, 1986. — Т. 3. — С. 607. — ISBN 90-04-08118-6
  7. Большаков О. Г. История Халифата. — Наука, 1989. — Т. 3. — С. 103.
  8. Ислам: Энциклопедический словарь. — Наука, 1991. — С. 285. — ISBN 5-02-016941-2
  9. 9,0 9,1 9,2 9,3 Под ред. Е. М. Жукова ОМЕЙЯДОВ ХАЛИФАТ (661-750) // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. — 1973—1982. // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
  10. «Mamluk (Islamic dynasty) in the Encyclopædia Britannica Online» (անգլերեն). britannica.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  11. Encyclopedia Britannica — Ottoman Empire, empire created by Turkish tribes in Anatolia Արխիվացված 2008-04-26 Wayback Machine
  12. Stephen Turnbull, The Ottoman Empire 1326—1699, Essential histories, vol. 62, Essential histories, 2003. [from article of the back cover]
  13. «From the article on the Ottoman Empire in Oxford Islamic Studies Online». Oxfordislamicstudies.com. 2008 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «Full text of the Treaty of Lausanne (1923)». Wwi.lib.byu.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. «История ислама в IX—XIX вв». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամի պատմություն» հոդվածին։