Հունա-բակտրիական թագավորություն
Հունա-բակտրիական թագավորություն, ստրկատիրական պետություն Միջին Ասիայում, որն սկզբնապես ընդգրկել է Բակտրիան, Սոգդը, Մարգիանեն։ Առաջացել է մ.թ.ա. մոտ 250 թվականին, Սելևկյանների պետության թուլացման հետևանքով։ Հիմնել է Բակտրիայի Սելևկյանների փոխարքա Դիոդոտոսը։ Դեմետրիոս 1 (մ.թ.ա. մոտ 189 թվականից մոտ 167 թվական) թեև ընդարձակել է Հունա-բակտրիական թագավորությունը՝ ընդգրկելով ժամանակակից Աֆղանստանի և Հյուսիսային Հնդկաստանի որոշ շրջաններ, այն մ.թ.ա. մոտ 175 թվականին տրոհվել է Հունա-բակտրիական թագավորության և Հունա-հնդկական թագավորության։ Մ.թ.ա. 140—130 թվականներին Հունա-բակտրիական թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց։ Նրա տարածքում առաջացել է Քուշանական թագավորությունը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունա-բակտրիական թագավորության ժամանակաշրջանում Միջին Ասիայում զարգացել են ստրկատիրական հարաբերությունները, արհեստները, քաղաքները Բակարիա, Անտիոք-Մարգիանե (այժմ՝ Մարի), Մարականդա (այժմ՝ Սամարղանդ) և այլն], առևտուրը (Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ)։ Օազիսներում զբաղվել են խաղողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Հունա-բակտրիական թագավորության արվեստը կազմել է արևելյան հելլենիզմի գեղարվեստական դպրոցներից մեկը և կարևոր դեր է խաղացել Միջին և Կենտրոնական Ասիայի արվեստի հետագա զարգացման մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 643)։ |