Մարտակառք
Մարտակառք, ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատար թեթև կառք։ Մարտակառքին լծում էին մեկ կամ մեկ–երկու և ավելի զույգ ձի (մասամբ՝ նաև ջորի)։ Ռազմիկի պաշտպանության նպատակով մարտակառքը առջևից և կողերից պատվում էր 0,5 մ կամ ավելի բարձր թափքակողերով։ Մարտակառքում տեղավորվում էին հիմնականում ռազմիկը և կառավարը։ Մարտակառքի թափքում ամրացվում–պահվում էին կապարճը, նիզակը և անհրաժեշտ այլ զենքեր։ Հին աշխարհի զորամասերում մարտակառքերի ռազմիկները կազմում էին հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հետևազորի առջևից կամ թևերից։ Մարտակառքերի ջոկատների հարվածը խառնաշփոթություն էր ստեղծում հակառակորդի շարքերում՝ հետևակազորի համար ստեղծելով հակառակորդին ջախջախելու պայմաններ։ Մարտակառքերն օգտագործվում էին նաև հաղթական կամ հանդիսավոր շքահանդեսներում ու մարզական մրցույթներում։ Սկսած III հազարամյակից Հին Արևելքում ,(Միտաննի,Մանա,Արարատյան թագավորություններում, Շումեր, Եգիպտոս, Ասորեստան, Պարսկաստան, Հարավային Կովկաս, Չինաստան, Հնդկաստան), Հռոմում և Հունաստանում բազմապիսի մարտակառքերի լայնորեն տարածվածության մասին են վկայում ինչպես պեղածոները (կառքերի մնացորդներ, կավե և բրոնզե մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ և այլն), այնպես էլ սեպագրերն ու գրավոր այլ աղբյուրները (Հոմերոս և այլն)։ Հայկական լեռնաշխարհում (Լճաշեն, Թոփրակկալե, Կարմիր բլուր, Էրեբունի, Ախթալա, Ստեփանավան, Դիլիջան և այլն) մարտակառքերի նույնպիսի պեղածոներ են հայտնաբերվել նաև նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջաններին (մ.թ.ա. 14-7-րդ դարեր) վերաբերող դամբարաններում։ Արդեն մ.թ.ա. I հազարամյակի սկզբներից ռազմավարության մեջ, որպես առավել ճկուն ու հարվածային զորատեսակ, առաջնակարգ դիրք է գրավում հեծելազորը (այրուձին)՝ աստիճանաբար փոխարինելով մարտակառքերի ջոկատներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 342)։ |