(Translated by https://www.hiragana.jp/)
Մեհելիի պայտաքիթ - Վիքիպեդիա Jump to content

Մեհելիի պայտաքիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհելիի պայտաքիթ
Մեհելիի պայտաքիթ
Մեհելիի պայտաքիթ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae)
Ցեղ Rhinolophus
Տեսակ Մեհելիի պայտաքիթ (R. mehelyi)
Միջազգային անվանում
Rhinolophus mehelyi
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեհելիի պայտաքիթ, ակնոցավոր կամ ռումինական պայտաքիթ չղջիկ (լատին․՝ Rhinolophus mehelyi), չղջիկների ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է ՀՀ և ԼՂՀ Կարմիր գրքերում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իսրայելում, Հորդանանում, Թուրքիայում, Արևմտյան Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում։ Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է։

Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թվականին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Արեալը ներառում է Խնձորեսկից դեպի արևմուտք` մինչև Արմավիր և Երևանից դեպի հյուսիս՝ մինչև Իջևանի շրջան (Տավուշի մարզ) տարածքները։ Հայաստանում հաճախ հանդիպում է մեծ պայտաքիթ չղջիկի, սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մոխրագույն ականջեղ չղջիկի և ասիական լայնականջ չղջիկի հետ նույն թաքստոցում։ Ներկայումս դրանց փոքր խմբերին (3-15 առանձնյակ) կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում (Կարմիր բլուր, Ջրվեժ), Հրազդան գետով դեպի վեր՝ մինչև Մեղրաձոր գյուղ (Կոտայքի մարզ)։ Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում (Կարմիր բլուր, Մագելի, Չայքենդ) մնացել են եզակի առանձնյակներ։

Արցախի ֆաունայում տարածման արեալը համեմատաբար նեղ է, հիմնականում հայտնի է Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում, Շուշիի Մեծ քարանձավում և Մարտակերտի շրջանի Մատաղիսի գյուղամերձ շրջանում։

Հիմնականում քարանձավաբնակ է, հանդիպում է անձավներում, տաճարներում, եկեղեցիներում, փլատակներում, նկուղներում, թունելներում, հանքահորերում և այլուր։ Բնակվում է տարբեր լանդշաֆտային գոտիներում։ Ապրելավայրի մոտակայքում պարտադիր է ջրավազանի առկայությունը։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Երբեմն ձմեռում են ամառային թաքստոցներում։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերով զիջում է միայն մեծ պայտաքիթին։ Մորթին ունի մուգ շագանակագույնից ծխագորշ երանգավորում։ Որովայնը սպիտակավուն է։ Մռութի վրա, աչքերի տակ, առկա են շագանակագույն օղակներ, որոնք ակնոցների տեսք են հիշեցնում։ Մարմնի երկարությունը՝ 54,7-64,2 մմ է, պոչինը՝ 26,1-37,7 մմ, պայտի լայնությունը՝ 6,6-7,5 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 50,6-59,3 մմ, քաշը՝ 13,8-20,1 գ։

Զուգավորումը կատարվում է աշնանը։ Արուները սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ աշնանը։ Ծինը տեղի է ունենում մայիսի վերջերին կամ հունիսի առաջին կեսերին։ Լակտացիան տևում է մինչև օգոստոսի վերջը։ Սերունդում ունենում է մեկ կամ երկու ձագ։

Այս կենդանիների համար սահմանափակող գործոններ կարող են լինել քարանձավների անկանոն պեղումները, անընդհատ էքսկուրսիաները, լուսավորման համար ջահաբոցերի օգտագործումը, բազմացման շրջանում քարանձավների հաճախակի պայթեցումները, պեղումների ժամանակ պայթուցիկ նյութերի օգտագործումը և այլն։

Սնվում են մանր և միջին չափերի ուղղաթևավորներով, թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով։ Սննդային մրցակիցներն են մեծ և պայտաքիթները, հարթաքիթ չղջիկներից շատերը։

Թշնամիներից են գիշերային գիշատիչ թռչուները, օձերը, կզաքիսները, թափառող կատուները և այլն։

Հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էնդոմակաբույծներով և էկտոմակաբույծներով։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների սննդային շղթաների և կաթնասունների ֆաունայի ամբողջականության պահպանման համար և որպես գյուղատնտեսության և անտառատնտեսության վնասատու՝ միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6][7]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում մարդու այցելությունները քարանձավներ, ինչպես նաև եկեղեցիների, շինությունների, կամուրջների, հանքահորերի վերականգնումը կամ քանդումը։

Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 199։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 458։
  4. Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
  5. Красная книга Армянской ССР. Животные, Ер., 1987.
  6. De Blase A. F., The bats of Iran: systematics distribution, ecolgy. Fieldiana zoolgy, Field Mus. Of Natural History, 1980.
  7. Մեհելիի պայտաքիթ չղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
  8. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհելիի պայտաքիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհելիի պայտաքիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։