(Translated by https://www.hiragana.jp/)
Յուզեֆ Ֆրանչակ - Վիքիպեդիա Jump to content

Յուզեֆ Ֆրանչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուզեֆ Ֆրանչակ
մարտի 17, 1918(1918-03-17) - հոկտեմբերի 21, 1963(1963-10-21) (45 տարեկան)
ԾննդավայրKozice Górne, Gmina Piaski, Lublin Voivodeship, Świdnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Մահվան վայրMajdan Kozic Górnych, Gmina Piaski, Lublin Voivodeship, Świdnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԶորատեսակArmia Krajowa?
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր

Յուզեֆ Ֆրանչակ (լեհ.՝ Józef Franczak, մարտի 17, 1918(1918-03-17), Kozice Górne, Gmina Piaski, Lublin Voivodeship, Świdnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 21, 1963(1963-10-21), Majdan Kozic Górnych, Gmina Piaski, Lublin Voivodeship, Świdnik County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ ընդհատակյա գործիչ, «Զինված պայքարի միության», «Կրայովա բանակի» դասակի հրամանատար։ Հակակոմունսիտական պարտիզանական շարժման մասկանից է եղել, ընդհատակյա ռազմական «Ազատություն և անկախություն» կազմակերպության հրամանատարներից։ Ընդհատակյա պայքարը շարունակել է մինչև 1963 թվականը։ Սպանվել է ԶՕՄՕ-ի և պետանվտանգության գործակալների փոխհրաձգության ժամանակ։ Ժամանակից Լեհաստանում համարվում է ազգային հերոս, համարվում է «դիմադրության վերջին զինվորը»։

«Կրայովա բանակի» մարտիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում։ 17 տարեկան հասակում որպես կամավոր մեկնել է լեհական բանակ, ծառայության է անցել ժանդարմական բաժանմունքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո գերվել է խորհրդային զորքերի կողմից, սակայն կարողացել է փախչել։ Անցել է «Զինված պայքարի միության» շարքերը, միացել «Կրայովա բանակին»։ Մասնակցել է հականացիստական դիմադրությանը, Լյուբլինի մոտ սերժանտի կոչումով ղեկավարել է «Կրայովա բանակի» դասակը։

1944 թվականին զորակոչվել է կոմունիստ Կարոլ Սվերչևսկու հրամանատարությամբ գործող 2-րդ բանակ։ 1945 թվականի հունվարին Ֆրանչակն ականատես է եղել «Կրայովա բանակի» անդամների գնդակահարությանը, որից հետո լքել է դասը։ Թաքնվել է Բալթիկ ծովի մերձափնյա հատվածներում, այնուհետև վերադարձել է Լյուբլինի վոևոդություն։

Ընդհատակյա հակակոմունիստական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուզեֆ Ֆրանչակը հարել է ընդհատակյա հակակոմունիստական շարժմանը, կռվել է Հիերոնիմ Դեկուտովսկու ղեկավարությամբ։ Ընդհատակյա մականունը եղել է Lalek, նաև Laluś, Laleczka, Guściowa, հանդես է եկել նաև մտացածին Յուզեֆ Բաբինսկի մականունով։

Ֆրանչակը մասնակցել է միլիցիայի և ներքին անվտանգության բաժանմունքի վրա հարձակմանը, մի քանի անգամ վիրավորվել է։ 1946 թվականի հունիսին շուրջկալի ժամանակ ձերբակալվել է, սակայն կարողացել է փախչել, ընդ որում փախուստի ժամանակ սպանվել են անվտանգության բաժանմունքի 5 գործակալ։

1947 թվականին Յուզեֆ Ֆրանչակը միացել է «Ազատություն և անկախություն» կազմակերպության ստորաբաժանմանը` Զձիսլավ Բրոնսկու գլխավորությամբ։ Ղեկավարել է մարտական խումբ, զբաղվել է լեհական աշխատավորական կուսակցության ակտիվիստների լիկվիդացմամբ, որոշ դատավճիռներ կատարել է անձամբ։

1953 թվականի փետրվարին Պյասկի քաղաքի կոոպերատիվներից մեկի գանձարանից փորձել է գումար առևանգել ընդհատակյա կազմակերպության համար, սակայն գործողությունը չի հաջողվել. Ֆրանչակին բռնել են ոստիկանները, իսկ ինքը դժվարությամբ կարողացել է փախչել։ Հայտարարվել է հետախուզություն. Ֆրանչակը մոտ տասը տարի կարողացել է թաքնված մնալ։ Նրան սատարող մարդկանց թիվը հասել է մոտ 200-ի։

1961 թվականին Ֆրանչակին բռնելու կամ մեկուսացնելու համար Լեհաստանի անվտանգության ծառայությունը հատուկ ծրագիր է մշակել, որը ստացել է Pożar անունը։ Ընդհանուր առմամբ, համագործակցել են անվտանգության մոտ 100 գործակալներ, ոստիկաններ։ Կիրառվել են այն ժամանակի տեխնիկական առաջադեմ սարքավորումներ, գաղտնալսող սարքեր։

Ֆրանչակն ուշադիր հետևել է Լեհաստանի քաղաքական կյանքին, մատնանշել լիբերալացման նախանշաններ։ 1956 թվականին նա լրջորեն մտածել է հայտարարված համաներման ընդունման ու խաղաղ կյանք վերադառնալու մասին, սակայն հրաժարվել է դրանից, երբ խորհրդակցել է իրավաբանի հետ։ Վերջինս զգուշացրել է, որ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում[1]։

Յուզեֆ Ֆրանչակը քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Դանուտա Մազուրի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին`Մարեկը։

Դանուտայի ազգակից եղբայրը` Ստանիսլավ Մազուրը, եղել է անվտանգության գաղտնի աշխատակից։ Ֆրանչակի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու դեպքում նրան խոստացվել էր 5.000 զլոտի[2]։

Մահը մարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի հոկտեմբերի 21-ին Յուզեֆ Ֆրանչակը հայտնաբերվել է գյուղական թաքստոցում։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկացրել էր Ստանիսլավ Մազուրը, որը գիտեր Ֆրանչակի ու Դանուտայի սպասվելիք հանդիպման մասին։ Գյուղ է մտել ԶՕՄՕ-ի ջոկատը։ Ֆրանչակը փոխհրաձգության մեջ է մտել և մահացու վիրավորվել[3]։

Մահացած Ֆրանչակի մարմինը նույնականացվել է Լյուբլինայի բժշկական ակադեմիայի դատական բժշկության ամբիոնում։ Գաղտնի թաղվել է քաղաքային գերեզմանատանը։ Չորս օր անց նրա մարմինը դուրս է հանվել հողից գլխատման համար։ Հարազատները նրա թաղման վայրն իմացել են միայն 1983 թվականին։

Յուզեֆ Ֆրանչակը Լեհաստանի պատմության մեջ մտել է որպես հակակոմունիստական զինված դիմադրության վերջին մարտիկ[4]։ Ընդհանուր առմամբ, նա ընդհատակում անցկացրել է գրեթե քառորդ դար` 1939-1963 թվականներին։ Միայնակ պատերազմ մղելու հանգամանքով նա Հիրոո Օնոդայի հետ նույն շարքին է դասվում[5]։

2008 թվականի մարտի 17-ին Յուզեֆ Ֆրանչակը հետմահու պարգևատրվել է Լեհաստանի վերածննդի աստղով խաչով։ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին պարգևը Լյուբլինում հանձնել է Յուզեֆ Ֆրանչակի որդուն` Մարեկին։ Արարողությանը ներկա են եղել Լեհաստանի վտարանդի կառավարության նախագահ Ռիշարդ Կաչորովսկին, Լյուբլինի արքեպիսկոպոս Յուզեֆ Ժիցինսկին, Ազգային հիշողության ինստիտուտի նախագահ Յանուշ Կուրտիկան։

Յուզեֆ Ֆրանչակի անունով փողոց է անվանակոչվել Լյուբլինում[6]։

Յուզեֆ Ֆրանչակի հիշատակին նվիրված հերթական արարողությունը կայացել է 2015 թվականի մարտի 1-ին` Հակակոմունիստական դիմադրության մարտիկների հիշատակի օրը։ Կազմակերպվել է խորհրդանշական 1963 մ վազքի մրցություն (1963 թվականը Ֆրանչակի մահվան տարին է)[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zrzeszenie Wolność i Niezawisłość / Ostatni ,,Wyklęty
  2. Józef Franczak (1918—1963)
  3. Jak zginął ostatni żołnierz II Rzeczypospolitej
  4. ««Lalek» ostatni partyzant Rzeczypospolitej». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  5. «Dla nich wojna nigdy się nie skończyła». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  6. «ŻOŁNIERZE WYKLĘCI. Zapomniani Bohaterowie / Józef Franczak «Lalek» patronem ulicy w Lublinie». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  7. «Польша чтит память «Проклятых солдат»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Ֆրանչակ» հոդվածին։