Նաջդ
Նաջդ կամ Նեջդ (արաբ․՝ نجد, բառացի՝ բարձունք), կենտրոնական տարածք Արաբական թերակղզում, մտնում է Սաուդյան Արաբիայի կազմի մեջ։ Սաուդցիների 28%-ը բնակվում է այդտեղ[1]։ Այն բաժանված է երեք հիմնական գավառների՝ Ռիադ (արաբ․՝ الرياض), ալ-Կասիմ (արաբ․՝ القصيم) և Հաիլ (արաբ․՝ حائل)։
Ժամանակին նաջդեցիները Սաուդյան Արաբիայի բնակչության ճնշող մեծամասնությունն են կազմել[2]։ Ի տարբերություն Արևելյան Արաբիայի՝ Հիջազի, Նաջդը հաճախ է ընկել օտար տիրապետության տակ։
Նաջդում է գտնվում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադը (արաբ․՝ الرياض` դրախտ)։ Վաղ միջնադարում` 5-7-րդ դարերում, այստեղ են զարգացել նախաիսլամական շրջանի մշակույթը ու արաբական դիցաբանությունը, տեղի են ունեցել քաղաքական ու կրոնական տեղաշարժեր, որոնց արդյունքում ձևավորվել է Արաբական խալիֆայությունը։ Հետագայում՝ հարյուրավոր տարիներ անց, վահաբիական շարժման հիման վրա, այստեղ է ձևավորվել Սաուդյան Արաբիայի թագավորությունը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբերեն «նաջդ» անվանումը նշանակում է «բարձունք»։ Այս բառը նախկինում գործածվում էր ոչ միայն տվյալ հատվածի անվանման, այլև Արաբական թերակղզու մյուս բարձրադիր վայրերի համար։ Այնուամենայնիվ, դրանցից առավել հայտնի է կենտրոնական հատվածը, որը արևմուտքում սահմանափակված է Հիջազ լեռնաշղթայով, արևելքում՝ Բահրեյնի դաշտավայրով, իսկ հարավում Եմենն է։
Միջնադարյան արաբ աշխարհագրագետները բավական ժամանակ են ծախսել Հիջազի և Նաջդի հստակ սահմանը որոշելու համար։ Ընդհանուր առմամբ որոշվել էր, որ Նաջդի արևմտյան սահմանը համարվում է այն մասը, որտեղ Հիջազի արևմտյան լեռնափեշերն ու լավաներն են։ Արևելքում Նաջդի սահմանը հասնում է կարմրավուն դյուների նեղ հատվածին, որը հայտնի է որպես Դահնա անապատ (կամ Մեծ Նեֆուդ)։ Այն գտնվում է մայրաքաղաք ալ-Ռիադից 100 արևելք։ Նաջդի հարավային սահմանը միշտ համարվում էր Ռուբ ալ-Խալի (արաբ․՝ الربع الخالي` դատարկ քառորդ, քանի որ ավազածածկ է և զբաղեցնում է թերակղզու մեկ քառորդ մասը)։ Այդ մասում են գտնվում Ռանյա, Բիշա և Թաթլիթ վադիները։
Նաջդի հյուսիսային սահմանը հաճախ փոփոխվել է, և միջնադարյան աշխարհագրագետները քիչ ուշադրություն են դարձրել նրա կազմմանը։ Վաղ իսլամական շրջանում նույնիսկ հյուսիսային սահմանը հասցվում էր Եփրատ գետին` Միջագետքին։ Այնուամենայնիվ, Սիրիայի ու Իրաքի տարածքում գտնվող անապատները Նաջդի մյուս հատվածից անջատված են Մեծ Նեֆուդ անապատով։ Դրանց գլխավոր բնակիչները բեդուիններն (արաբ․՝ بدوي` թափառող) են, ովքեր ավելի կապված են սիրիացիների ու իրաքցիների հետ, քան սաուդցիների։ Այդ է պատճառը, որ «նաջդ» եզրույթը ավելի ուշ սկսել է գործածվել Նաջդի պլատոյի համար, որի բնական սահմանը Նեֆուդ անապատն է։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]քարտեզ | գավառ | արաբերեն | կենտրոն | տարածք կմ² |
բնակչություն 2004 |
խտություն | շրջաններ |
---|---|---|---|---|---|---|---|
Հաիլ | արաբ․՝ حائل | Հաիլ | 103.887 | 527.033 | 5,1 | 4 | |
ալ-Կասիմ | արաբ․՝ القصيم | Բուրեյդա | 58.046 | 1.016.756 | 17,5 | 11 | |
ալ-Ռիադ | արաբ․՝ الرياض | Ռիադ | 404.240 | 5.455.363 | 13,5 | 20 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջդի պլատոն տատանվում է ծովի մակարդակից 762-1525 մ բարձրության սահմաններում՝ դեպի արևմուտք բարձրանալով։ Արևելյան հատվածի օազիսներում գտնվում են մի շարք բնակավայրեր, իսկ մնացած մասը մասամբ բնակեցվում է տեղից տեղ շարժվող բեդվիններով։ Նաջդը ամբողջությամբ գտնվում է արևադարձային գոտում։
Կլիման շոգ է և չորային, խիստ սակավ են անձրևները։ Տարածված են վադիները՝ գետահուներ, որոնց առկայությունը վկայում է ժամանակին այդտեղով հոսող ջրերով։ Տարածված են կիսաանապատները և անապատները։ Բնիկները հնուց զբաղվում են գյուղատնտեսությամբ` ոռոգովի երկրագործությամբ ու անասնապահությամբ։
Համեմատաբար տեղումնառատ են փետրվար (20 մմ) և մարտ (10 մմ) ամիսները, երբ թափվում են ամբողջ տեղումների 60 տոկոսը[3]։ Միջին ջերմաստիճանը 24 C է, հունվարին` 17 C, հուլիսին՝ 31 C։ Հաճախ առավելագույն ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 C-ը, իսկ ավազի վրա այն հասնում է 80 C-ի։ Նման պայմաններում եթե անձրև գա, ապա այն չհասած գետնին գոլորշիանում է, իսկ ձուն գետնին ընկնելիս անմիջապես վերածվում է ձվածեղի։
Այսպիսի կլիմայական պայմաններին հարմարված են խիստ սակավաթիվ բույսեր ու կենդանիներ։ Տեղ-տեղ հանդիպում են ուղտափուշ և օշինդր, անապատներում տարածվախ են սարդերը, մորմերը, օձերն ու կարիճները։ Օազիսներում հանդիպում են տարատեսակ արևադարձային բույսեր, բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, մասնավորապես արմավեբու աճեցմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջդի տարածքում՝ կենտրոնական և հյուսիսային Արաբիայում, մարդիկ բնակվել են դեռ հնադարում։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր մահիկի» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում (Եթովպիա)։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները[4]։
Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն Ադնանն էր[5], և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին (արաբ․՝ بنو أسد, բանու ասադ)՝ առյուծի որդիներ, (արաբ․՝ بنو نسر, բանու նասր)՝ արծվի որդիներ, (արաբ․՝ تغليب, Թաղլիբ), (արաբ․՝ القريش, ալ-Կուրեյշ) և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։
18-րդ դարում Նաջդի պատմության մեջ բացվում է նոր էջ. այստեղ ծնունդ է առնում վահաբականությունը։ Ալ-Սաուդ ընտանիքի դրոշի ներքո հավաքվում են տեղական հզոր ցեղերը, որոնք միավորվում են մեկ պետության մեջ։ Սաուդցիները անգլիացիների օգնությամբ 19-րդ դարում կարողանում են դիմակայել Մուհամմադ Ալի փաշայի արշավանքներին։ 20-րդ դարում նրանց իշխանությունը հաստատվում է նաև Հիջազում, և քաղաքական քարտեզի վրա առաջանում է նոր պետություն՝ Սաուդյան Արաբիայի թագավորությունը։ Հետագայում նավթի հանքերի հայտնագործման շնորհիվ պետությունը զարգանում է. 21-րդ դարի սկզբին Սաուդյան Արաբիայի տարածքում էր գտնվում համաշխարհային նավթի 26 տոկոսը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Saudi Arabia Population Statistics 2011 (Arabic)"
- ↑ Fouad N. Ibrahim. "The Shiʻis of Saudi Arabia". pp. 56–57.
- ↑ Climate; Najd
- ↑ Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001
- ↑ Негря Л. В. Общественный строй Северной и Центральной Аравии в 5-7 вв
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջդ» հոդվածին։ |
|