Սպիտակաաչք սուզաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաաչք սուզաբադ
Սպիտակաաչք սուզաբադ (արու)
Սպիտակաաչք սուզաբադ (արու)
Սպիտակաաչք սուզաբադ (էգ)
Սպիտակաաչք սուզաբադ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Սուզաբադեր (Aythya)
Տեսակ Սպիտակաաչք սուզաբադ (A. nyroca)
Միջազգային անվանում
Aythya nyroca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակաաչք սուզաբադ (լատին․՝ Aythya nyroca), բադերի ընտանիքի նստակյաց, քիչ տարածված թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 38-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 400-650 գրամ։ Փետրածածկը մուգ է, ներքնապոչը՝ սպիտակ։ Արուի գլուխը, կուրծքը, մարմնի կողքերը մուգ կարմիր-դարչնագույն են, աչքերը՝ սպիտակ։ Էգերն ավելի դարչնագույն և խամրած են, աչքերը՝ մուգ։ Թռչելիս ակնառու է թևի վրայի սպիտակ շերտը, որը գրեթե հասնում է թևի ծայրը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողում է ոչ խորը ընկղմված, հաճախ՝ պոչը վեր ցցած։ Սուզվում է հաճախակի։ Բնակվում է լճերում, ճահճուտներում, բուսականությամբ ծածկված գետերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ապրիլի ընթացքում՝ եղեգնի մացառներում կամ ջրի վրա։ Բույնը լողացող հարթակ է՝ եղեգից, աղվափետուրներից։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին կեսին։ Դնում է 53 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-11 ձու։ Ձագերը հայտնվում են հունիսի կեսերից։ Երիտասարդ, աներեր թռչելու պատրաստ անհատներն օգոստոսի ընթացքում հասունների հետ կազմում են ոչ մեծ երամներ (5-30 թռչուն)։ 1984-1894 թվականներին սպիտակաչք սուզաբադերի թվաքանակն Արարատյան դաշտի լճակներում կազմել է 0,002-0,5 թռչուն, Սևանա լճում ցուցանիշը չափազանց ցածր է՝ անհրաժեշտ կենսապայմանների բացակայության պատճառով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում և Հյուսիսային Աֆրիկայում։

Չուի շրջանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Արարատյան հարթավայրի արհեստական ձկնաբուծական լճակներում և գերխոնավ տարածքներում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց, քիչ տարածված տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Բնադրման շրջանում հաշվառվում են 5-10 բնադրող զույգ, իսկ չուի շրջանում հանդիպում են 50-150 առանձնյակներից կազմված խմբերով։ Միշտ եղել են սակավաթիվ։

Վտանգման հիմնական գործոններն են բնադրավայրերի բացակայությունը, Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում անհանգստացման գործոնը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաաչք սուզաբադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաաչք սուզաբադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։