Ցաքի փշոտ (լատին․՝ Paliurus spina-christi), դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ, խիստ փշավոր, ցանցառ տերևապատ թուփ՝ 2-3 մ բարձրությամբ։ Ճյուղերը անկյունավոր ծռմռված են, երիտասարդները ծածկված են դարչնագույն աղվամազով, հասունները մերկ են, կարմրագորշավուն, կեղևն անջատվում է թաղանթման։ Տերևները թեք ձվաձև են, բութ կամ թեթևակի սրածայր, 2-4 սմ երկարությամբ և 1,3-3 սմ լայնությամբ, մանրսղոցաեզր, երբեմն՝ ամբողջաեզր, ամուր, կաշվեկերպ, վերևից մոխրականաչավուն, մերկ, փայլուն, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Ծաղիկները մանր են, աստղանման, դեղնականաչավուն։ Պտուղը տափակ սկավառակ է՝ միջին մասը (որտեղ գտնվում է սերմը) ուռուցիկ, 1,3-2,8 սմ տրամագծով, հարդադեղնավունից մինչև կարմրադարչնագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են հուլիսին։
Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում, Իրանում, Ղրիմի հարավային ափերին, Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև՝ Վայքում և Զանգեգուրում՝ չոր, էրոզիայի ենթարկված լանջերին, ստորին անտառային գոտում՝ ծովի մակերևույթից մինչև 1100մ բարձրությունների վրա։
Պտուղներն ու կեղևը պարունակում են դաբաղանյութեր, իսկ տերևները՝ 167մգ/% վիտամին C։ Հայաստանի անտառային շրջաններում բույսն օգտագործում են անանցանելի, փշապատ ցանկապատ ստեղծելու համար։ Ավանդական բժշկության մեջ կեղևն ու տերևներն օգտագործվում են վերքերը կապելու, փաթաթելու համար[1]։