Փասիաններ (Phasianus), փասիանների ընտանիքի հավազգիների կարգի թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 85 սմ է, զանգվածը՝ 1,7–2 կգ, էգերն արուներից փոքր են։ Պոչը երկար է, սուր ծայրով։ Արուները վառ, մետաղական փայլով գունավորում ունեն, էգերը մոխրագույն են։ Հայտնի է Փասիանների 2 տեսակ։ Սովորական փասիանը (Ph․ colchicus) գունավորմամբ միմյանցից տարբերվող շուրջ 30 աշխարհագրական ձևեր ունի։ Տարածված է Կովկասից մինչև Խաղաղ օվկիանոս, անտառներում, ջրամերձ մացառուտներում և դաշտային թփուտներում։ Նստակյաց է, բնադրում է գետնին, դնում 8–10 ձու։ Թխսում և ձագերին խնամում է միայն էգը։ Սնվում է սերմերով, պտուղներով, ընձյուղներով, մանր անողնաշարավորներով։ Որսորդության կարևոր օբյեկտ է և շատ երկրներում այդ նպատակով բազմացվում է։ Սովորական փասիաններից ՀԽՍՀ–ում տարածված էր անդրկովկասյան փասիանը (Ph․ colchicus), որը փոքր քանակությամբ հանդիպում էր Ղափանի շրջանում։ Արուները կարմրանարնջագույն են՝ սև բծերով, զանգվածը 900–1300 գ է։ Կանաչ փասիանը (Ph․ vesicolor) տարածված է Ճապոնիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։