նը, Տիրան արք․ Ներսոյանը, Եղիշե արք․ Տերտերյանը, Շնորհք արք․ Գալուստյանը, Նորայր արք․ Պողարյանը, Հակոբ Օշականը, Շահան Պերպերյանը և ուրիշներ։ Վերջին տարիներին վարժարանում դասավանդելու համար Հայաստանից հրավիրվում են հայոց լեզվի, հայ գրականության և մշակույթի մասնագետներ։
Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարան, երկսեռ երկրորդական (միջնակարգ) դպրոց։ Հիմնվել է 1929-ին, Երուսաղեմում՝ մինչ այդ գոյություն ունեցող վարժարանների միացումով, Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով և նրա առաջարկով էլ անվանակոչվել՝ ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի։ Կառուցվել է Ժառանգավորաց վարժարանին և մատենադարանին կից։ Երկրորդական վարժարան է 1953-ից։ Առարկաները դասավանդվում են հայերեն (աշխարհաբար և գրաբար), անգլերեն, արաբերեն, եբրայերեն (1967-ից) և ֆրանսերեն (1990-ից)։ Վարժարանի շենքը կառուցվել է 350 աշակերտի համար, 1948-ին ունեցել է 850 աշակերտ։ 1948-ից հետո ծայր առած արտագաղթի պատճառով աշակերտների թիվը նվազել է (2000-ին՝ շուրջ 150)։ Ունի 30 ուսուցիչ։ Վարժարանը պահվում է Երուսաղեմի հայոց պատրիարքության միջոցներով, նաև նվիրատվություններով, ՀԲԸՄ-ի և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հատկացումներով։ Շրջանավարտներից շատերը բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանում։
Հասարակական-քաղաքական կյանք
Երուսաղեմում պաշտոնապես գործող հայկական կազմակերպություններից հնագույնը Երուսաղեմի հայոց բարեսիրական միությունն է՝ հիմնված դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Ունի իր հավաքատեղին, ծավալում է հասարակական, բարեգործական և մշակութային գործունեություն։ Ոչ պաշտոնապես գործում են ՌԱԿ և ՀՀԴ տեղական կազմակերպությունները։ Նրանց հովանու տակ հայապահպան գործունեություն են ծավալում Հայ երիտասարդաց միությունը (ՀԵՄ, 1933-ից) և ՀՄԸՄ-ն (1935-ից), որոնք ունեն իրենց ակումբները պատրիարքարանի տարածքում։ ՀԵՄ-ը և ՀՄԸՄ-ն ունեն ֆուտբոլի և սկաուտական խմբեր։ Երուսաղեմում գործում է նաև ՀՕՄ-ի մասնաճյուղը։ Կան թատերական և երգի-պարի խմբեր։
Մշակույթ
Երուսաղեմը հայ մշակույթի և գիտության կենտրոններից է։ Ս․ Հակոբյանց վանքի «Էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարանում պահվում են տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով Երուսաղեմ բերված հայ, մեծ մասամբ կիլիկյան վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի ստվար մասը։
Ս․ Հակոբյանց վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի՝ աշխարհում երկրորդ ամենամեծ հավաքածուն (Երևանի Մատենադարանից հետո)։ Ձեռագրերի թիվը հասնում է շուրջ 4000-ի՝ ներառյալ Երուսաղեմի պատմությանը վերաբերող բազմաթիվ բարձրարժեք դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, ժամանակագրություններ և հիշատակարաններ։ Ուսումնասիրողներից ոմանք ենթադրում են, թե ձեռագրատունը սկզբնավորվել է V դ․։ Այլ մասնագետներ, ելնելով որոշ ձեռագրերի գրության թվականներից, ավելի հավանական են համարում XII-XIII դդ․։ Մինչ XIX դ․ կեսը ձեռագրերն անխնամ վիճակում են եղել։ 1865-ին Տիգրան Սավալանյանցը կազմել է դրանց ցանկը։ Հետագայում ցանկերի կազմմանն ու հրատարակմանը ձեռնամուխ է եղել Արտավազդ արք․ Սյուրմեյանը։ 1-ին հատորը լույս է տեսել 1948-ին, Վենետիկում։ Գործը շարունակել է Նորայր արք․ Պողարյանը՝ 1958-1960-ին հրատարակելով 2-5-րդ հատորները։ 1966-ին Պողարյանը ձեռնարկել է «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց» ցանկի նոր, շքեղ ու վերափոխված հրատարակությունը։ Մինչև 1991-ը հրատարակվել է 11 ծավալուն հատոր, որոնք ընդգրկում են 3890 ձեռագրի նկարագրություն։
1969-ից Երուսաղեմի Եբրայական համալսարանի ասիական և աֆրիկյան ուսումնասիրությունների ինստիտուտում գործում է հայագիտական ծրագիր․ դասավանդվում են աշխարհաբար, գրաբար, հայ դասական մատենագրություն և արդի գրականություն, հայոց պատմություն և հայ արվեստի պատմություն։ Հայագիտական ծրագիրը, որը համալսարանի հնդկական, իրանական և հայագիտական ամբիոնի մի մասն է կազմում, սերտ կապեր է պահպանում Երուսաղեմի հայոց պատրիարքության ու Հայաստանի հայագիտական տարբեր կենտրոնների հետ։ Ներկայումս (2003) հայագիտական բաժնի վարիչն է պրոֆեսոր Մայքլ Սթոունը։
Արդի հայագիր գեղարվեստական գրականության զարգացմանը Երուսաղեմի հայ համայնքից նպաստել են Եղիշե Դուրյան, Եղիշե Տերտերյան (Եղիվարդ) և Թորգոմ Մանուկյան (Շեն-մահ) պատրիարքները, Կարո Կարապետյանը (Անել), Անուշ Նազգաշյանը և ուրիշներ։ Երուսաղեմում են իրենց առաջին գրական