Բնիկ հնդեվրոպական, բայց *ksoro «չոր» արմատից բխեցնել հնչյունապես խոցելի է, կասկածելի է նաև *ker- «այրել» արմատի հետ կապելը։
Ածական
խոնավություն չունեցող, խոնավությունից զուրկ, ոչ թաց ◆ Չոր փայտ։◆ Գիրքը գոմի պատուհանում դնելուց առաջ նա ստուգեց՝ արդյոք չոր ու ապահով է թաքստոցը։(Ակսել Բակունց)
խոնավությունը պակաս, անբավարար խոնավություն ունեցող ◆ Չոր օդ՝ սենյակ։
անբավարար տեղումներ ունեցող, երաշտ ◆ Չոր եղանակ՝ տարի։
սնող հյութերից զուրկ, կենսագործունեություն չունեցող (բույսերի մասին) ◆ Չոր ծառ՝ խոտ։◆ Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։(Ակսել Բակունց)
չորացրած, չիր դարձրած, ցամաքեցրած ◆ Չոր թուզ՝ ծիրան։◆ Տնային պտուղներից, ընդարձակ նախշուն խաներով, դրված էին սեղանի վրա յոթն տեսակ չոր մրգեղեններ, որ խառնվել էին միմյանց հետ։(Րաֆֆի)
չորացած, հնացած, ոչ թարմ ◆ Մոր տվածից մնում էր չոր պանրի մի կտոր և անյուղ գաթա, քարի պես պինդ։(Ակսել Բակունց)
(մսնգ․) հեղուկային պարունակությունից զուրկ, առանց հեղուկի ◆ Չոր էլեմենտ։ Ավտոմեքենայի չոր քաշ։
անբավարար չափով ճարպային նյութեր ունեցող՝ ստացող ◆ Չոր մազեր՝ մաշկ։
(բժշկ․) առանց հեղուկային արտազատումների ընթացող, հեղուկ արտազատումներ չունեցող ◆ Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս։(Մուրացան)
նիհար, ոչ գեր, ոչ մսեղ ◆ Չոր կազմվածք։◆ Առաջին անգամ նա նկատեց նրա երկար մատները, նրանք չոր էին ու ոսկրոտ։(Ակսել Բակունց)◆ Ցախի պես չոր թևեր ունի։(Նաիրի Զարյան)
կոպիտ, բիրտ, խիստ և կտրուկ ◆ Չոր բնավորություն։◆ Նա այնպիսի չոր պատասխան տվեց, որ սաստիկ զղջացի անզգույշ հետաքրքրությանս համար։(Նար-Դոս)
աղքատիկ, անշուք ◆ (Լուսինը) երևան հանեց գեղեցիկ ծովակն ու շրջակա լեռները և դրանց հետ միասին… Չիբուխլուի չոր, գծուծ պատկերը, յուր գետնին կպած տներով, յուր աթարի դեզերով։(Մուրացան)
առանց արտահայտիչ՝ հուզական մանրամասնությունների, ոչ հուզական, ոչ հետաքրքրական ◆ Չոր նկարագրություն՝ զեկուցում։
խիստ հաշվենկատ, չափազանց կշռադատված, սառը դատողության վրա հիմնված ◆ Չոր հաշիվներ։
հնչեղությունից զուրկ, ոչ ախորժալուր ◆ Չոր ձայն՝ աղմուկ։
ընտանիք ու մերձավոր հարազատներ չունեցող, մեն-մենակ
անհնազանդ
չոր դուրս գալ՝ դուրս պրծնել - առանց վնասվելու՝ տուժելու կամ պատժվելու դուրս գալ՝ պրծնել, արածի համար որևէ պատասխանատվության չենթարկվել ◆ Հնարներ էին մտածում չոր դուրս գալու այդ դեպքից։Դերենիկ Դեմիրճյան◆ Այս անգամ էլ Մացակը չոր դուրս պրծավ։(Նաիրի Զարյան)
չոր ծառ(փխբ․) - ժառանգներ ու մերձավորներ չունեցող, չոր գլուխ
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։