(Translated by https://www.hiragana.jp/)
Խճանկարչություն - Վիքիպեդիա Jump to content

Խճանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գառնիի բաղնիքի խճանկարը

Խճանկարչություն, մոզաիկա (ֆր.՝  mosaique, իտալ.՝ mosaico, լատին․՝ opusmusivum` նվիրված մուսաներին), մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հիմնական տեսակներից, համասեռ կամ տարբեր նյութերի մասնիկներից (քար, գունախիճ, խեցեսալիկ և այլն) ստեղծված պատկեր կամ զարդ։

Խճանկարչության հատուկ տեսակ է ընդելուզումը (ինկրուստացիան)։ Խճանկար կազմող մասնիկները՝ «խճերը», ունեն պարզ երկրաչափական կամ բարդ ձև և ամրացվում են կրի, ցեմենտի, խեժի կամ մեղրամոմի շերտի մեջ։

 Պատմություն

Հին Արևելք

Խճանկարի պատմությունը գալիս է դեռևս մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի 2-րդ կեսից, ժամանակաշրջան, որով թվագրվում է Միջագետքի շումերական քաղաքների ամրոցների և վանքերի կառուցումը։

Խճանկարը բաղկացած էր 8-10 սմ․ երկարությամբ և 1,8 սմ լայնությամբ թրծած կավի գլանաձև ձողիկներից («կեռագծեր»), որոնք դրվում էին կավե լուծույթի մեջ։ Պատկերները ձևավորվում էին գլանների ծայրերից, որոնք սովորաբար ներկվում էին կարմիր, սև և սպիտակ գույներով։ Կիրառվում էին երկրաչափական պատկերներ՝ շեղանկյուն և եռանկյուն։

Կեղևավորման տեխնիկայի կամ անտիկ շրջանում խժանկար անունը ստացած opus sectile, ավելի ուշ մշակվել է ֆլորենսիական խճանկարի, կարելի է համարել արհեստածին։

Մ․թ․ա 8-րդ դարին են վերագրվում չհղկված գլաքարից խճանկարի ստացման տեխնիկաները, որը դարձել է խճանկարի տեխնիկայի զարգացման փուլերից մեկը և իր անկման շրջանում հռոմեացիների կողմից ծաղրանքով անվանվել է opus barbaricum:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակազարդ գլաքարե հատակներ Ալթըն-Թեփե (Արևելյան Անատոլիա) և ամրոցներ Արսլան-Թաշ (Ասորեստան), սակայն ամենահարուստ հուշարձանը համարվում է Գորդիոնի գլաքարային խճանկարները։

Անտիկ շրջան

Չհղկված գլաքարից ստացված առաջին խճանկարները գտնվել են Կորինֆում և ժամանակագրված են մ․թ․ա․ 5-րդ դարում։ Այն մարդկանց, կենդանիների, առասպելական երևույթների շրջագծային պատկերներն է՝ ձևավորված երկրաչափական և բուսական զարդարանքով, հիմնականում սև և սպիտակ, ոճային առումով մոտ է սափորանկարչությանը։ 

Հավաքման տեխնիկա

Խճանկարը հավաքվում է երկու եղանակով՝

  • «ուղղակի», երբ պատկերազարդվող մակերեսին փակցվող մասնիկները ներսեղմվում են ամրացնող զանգվածում,
  • «հակադարձ», երբ մասնիկները երեսի կողմից դեպի ցած սոսնձվում են ստվարաթղթի կամ գործվածքի վրա արված գծագրին, ապա հավաքված «խճերը» ետևի կողմից ծեփվում են ամրացնող բաղադրությամբ, ժամանակավոր հիմքը հեռացվում է, ստացված մեծաղյուսը փակցվում է պատին կամ առաստաղին։
  • Ցանցի վրա խճանկար դնելիս ցանցին սոսնձված խճանկարը սոսնձվում է դեմքով դեպի վեր։

Տեխնիկա և նյութեր

Այսօր օգտագործվում են ավանդական խճանկարային նյութեր՝ բնական քար, սեմալտ, կերամիկա և մետաղ։ Այս զինանոցը վերջերս համալրվել է կերամոգրանիտի քարերով[1]։ Բացի այդ, այսօրվա արհեստավորները աշխատում են խեցիներով, գեղարվեստական ապակիներով, հայելիներով, ուլունքներով և նույնիսկ անսովոր իրերով, ինչպիսիք են տիկնիկների մասերը, մարգարիտները կամ լուսանկարները[2]։ Խճանկարը վերածվել է հանրաճանաչ արհեստի և արվեստի, որը ոչ միայն կիրառում են մասնագետները[3]։ Թեև հնագույն խճանկարները սովորաբար ճարտարապետական էին, ժամանակակից խճանկարները ծածկում են ամեն ինչ՝ այգու նստարաններից և ծաղկամաններից մինչև կիթառներ և հեծանիվներ։

Խճանկարչությունն աշխարհում

Խճանկարչության պահպանված հնագույն նմուշներ են բազմագույն կավե անոթների օղակազարդերը (Միջագետք, մ. թ. ա. III հազարամյակ)։ Անտիկ խճանկարչության կառույցների հատակը գարդարող ոչ բարդ զարդերից և անպաճույճ պատկերներից վերաճել է քարի կտորներից կազմված, ուղղակի ագուցված և ապա հղկված բազմագույն կամ սև-սպիտակ նրբին հորինվածքների։ Բյուզանդական արվեստում գունախճերից և քարից (հաճախ կիսաթանկարժեք) հավաքված խճանկարը չէր հղկվում, որով գույնն ստանում էր հատուկ հնչեղություն։ Գույներով ու ոսկով առկայծող բյուզանդական խճանկարը (Կոստանդնուպոլսի և Ս. Սոֆիայի տաճարում), հարստացնելով ինտերիերը, օրգանապես միաձուլվում էր պատի զանգվածին։ Բյուզանդական խճանկարչության ավանդները յուրովի արտացոլվել են Իտալիայում, Հին Ռուսիայում (XI-XII դդ., Կիևի Սոֆիայի և Միխայլովյան ոսկեգմբեթ տաճարներում), Վրաստանում (XII դար, Դելաթի վանքում)։ Արևմտյան Եվրոպայի ռոմանական արվեստում գերիշխել է զարդերով խճանկարչությունը։

XVI դարում Իտալիայում առաջացել է գունավոր հղկված քարերից, այսպես կոչված, ֆլորենտական խճանկարչությունը։ XVII դարում տարածված գունախճերով խճանկարչությունը նմանակել է գեղանկարչության եղանակները։ Իսլամի երկրներում (նաև միջնադարյան Իսպանիայում և Պորտուգալիայում) XIII-XIV դարերում զարգացել է մայոլիկայի արաբանախշ խճանկարչությունը։ XVIII դարում Ռուսաստանում Միխայիլ Լոմոնոսովը վերականգնել է գունախճերով խճանկարչության տեխնիկան։ Սովորաբար խոշոր կտորներից կազմված ժամանակակից խճանկարչության մեջ գերիշխում են ցայտուն, լոկալ գունաբծերի համադրումով հորինվածքները (Ֆեռնան Լեժե, Ռենատո Գուտտուզո, Դավիդ Ալֆարո Սիկեյրոս և ուրիշներ)։ Խորհրդային խճանկարչության վարպետներից են Ալեքսանդր Դեյնեկան, Պավել Կորինը։

Պորտուգալական մայթ

Պորտուգալական մայթը՝ երկգույն խճանկարային սալահատակի տեսակ է, որը ստեղծվել է Պորտուգալիայում 19-րդ դարի 40-ականների սկզբին։

Այն սովորաբար ընդունում է երկրաչափական նախշերի ձևը, բայց նաև օգտագործվում է գեղանկարչական խճանկարների ստեղծման համար ոճերում՝ սկսած դասականությունից մինչև ժամանակակից դիզայն։ Պորտուգալիայում և Բրազիլիայում շատ քաղաքներ ունեն մայթեր, որոնք պատրաստված են այս սալահատակման տեխնիկայով[4]։

Հուիչոլի ցեղի խճանկարը

Ներկայումս զարգանում է ավտոխթոն արվեստի այնպիսի տեսակ, ինչպիսին է Հուիչոլ ցեղի խճանկարը։ Այն ըստ օգտագործվող նյութի հազվագյուտ տեսակի խճանկար է՝ այս տեխնիկայում ոճավորելու համար օգտագործվում են ուլունքներ[5]։

Խճանկարչությունը Հայաստանում

Հայկական խճանկարչության առաջին և համեմատաբար ամբողջական նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարերից կազմված խճանկարն է (III դար), ուր պատկերված են ծով և առասպելական ծովային արարածներ (օվկիանոսի և ծովի մարմնավորումների կիսանդրիներ, ձկնորսների և նավազների հովանավոր Դլավկոսը, Պելեոսը և Թետիսը, դելֆին, իխթիոկենտավրոսներ, ձկներ, ձկնորս, ներեիդներ և այլն)։ Այն իր ոճով հարում է ասորահելլենիստական ուշ շրջանի խճանկարչությանը։ Քարի և գունախճերի խորանարդիկներ են գտնվել Էջմիածնի IV-V դարերի «Ձկներ», Պոմպեյի «Ֆավնի տան» խճանկարներից (մ.թ.ա. II դ., Ազգային թանգարան, Նեապոլ) հին տաճարի պեղումներում, զարդախճանկարի բեկորներ՝ Զվարթնոցում, Դվինում և Անիում։ Սրանով գրեթե սպառվում են խճանկարչության մասին տեղեկությունները Հին և Միջնադարյան Հայաստանում։

Խորհրդային Հայաստանում խճանկարչության արվեստը վերածնվել է 1960-1970-ական թվականներին։ Այն կապված է արվեստների (ճարտարապետություն, նկարչություն և քանդակագործություն) համադրման նկատմամբ աճած հետաքրքրության հետ։ Ուշագրավ են Հ. Խաչատրյանի («Ավարայրի ճակատամարտը», գունախիճ, 1959-1960, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), Հ. Մինասյանի («Ներփակ կորեր», «Երկրաչափական տարածություն», տուֆ, 1968-1970, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, «Ռիթմեր», քար, 1966, Երևանի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ), Կարապետ Եղիազարյանի («Դրախտ», քար, 1968, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հյուրանոց-ռեստորանի ինտերիեր), Դ. Սմբատյանի, Զ. Հարությունյանի, Հ. Պողոսյանի («Հայաստան», տուֆ, 1967, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Երևան)), Ա. Խաչատրյանի («Հայաստան», քար) և այլոց խճանկարները։

Ծանոթագրություններ

  1. «Historic mosaics in a new light». mosaicartgallery.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Hexagonal glass mosaic: black is the new black». mosaictileoutlet.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Portuguese pavements a calçada portuguesa». archive.today. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  4. «In Portugal, we walk on art». aportugueseaffair.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Huichol bead mosaic sets new Guinness World record». banderasnews.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 56