(Translated by https://www.hiragana.jp/)
Գիզայի բուրգեր - Վիքիպեդիա Jump to content

Գիզայի բուրգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիզայի բուրգեր
Giza pyramid complex*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 86-002
Գիզայի բուրգեր (Եգիպտոս)##
Գիզայի բուրգեր (Եգիպտոս)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Գիզայի բուրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎‎), հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։

Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը։ Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք։

Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը[1][2], ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում։ Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը, որ կանգուն է մնացել առ այսօր։

Բուրգեր և Մեծ Սֆինքս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրգերն ու Սֆինքսը

Գիզայի բուրգերը բաղկացած են Գիզայի Մեծ բուրգից (հայտնի է նաև Քեոփսի կամ Խուֆուի բուրգ՝ կառուցված մոտ մ.թ.ա. 2560-2540 թվականներ), Քեֆրենի ավելի փոքր բուրգը, որ գտնվում է մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք և ավելի փոքր չափսերով Միկերինի բուրգը՝ մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք։ Մեծ սֆինքսը գտնվում է համալիրի արևելյան կողմում։ Եգիպտագետները համաձայնում են, որ Մեծ սֆինքսի գլուխը պատկերում է Քեֆրեն փարավոնի գլուխը։ Բացի այս հիմնական հուշարձաններից, տարածքում կան նաև մի քանի ավելի փոքր արբանյակային շինություններ, որոնք հայտնի են թագուհիների բուրգեր անվամբ, դեպի բուրգեր տանող ուղիներ և հովտային բուրգեր[3]։

Քեոփսի բուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեոփսի բուրգն ու նավերի հորը

Քեոփսի բրգային համալիրը բաղկացած է հովտային տաճարից, որն այժմ թաղված է Նազլեթ-էլ-Սամման գյուղի տակ։ Տարածքում հայտնաբերվել են բազալտե սալաքարեր և կրաքարե պատեր, սակայն տարածքը չի պեղվել[4][5]։ Հովտի տաճարը կապված էր դեպի բուրգ տանող ուղու հետ, որը մեծապես տուժել է գյուղի կառուցման պատճառով։ Այդ ուղին տանում էր դեպի Քեոփսի դամբարանային տաճարը։ Այս տաճարից պահպանվել են միայն բազալտե մայթուղիները։ Դամբարանային տաճարը կապված է եղել փարավոնի բրգի հետ։ Վերջինս ունի իր հետ կապակցված երեք ավելի փոքր թագուհու բրգեր և հինգ նավերի հորեր[6]։ Դրանց մեջ պահպանվել են նավեր, իսկ բրգի հարավային կողմում գտնվող երկու հորերում մինչև հիմա էլ պահպանվում են հին նավերը։ Դրանցից մեկն այժմ վերականգնվել և ցուցադրվում է։ Քեոփսի բուրգի հիմքի երեսպատման քարերն ամբողջությամբ առկա չեն։ Այդ բարձրորակ կրաքարի հիմնաքարերը պատրաստվել են մոտակա քարհանքերում[3]։

Քեֆրենի բուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեֆրենի բուրգը

Քեֆրենի բրգային համալիրը բաղկացած է հովտի տաճարից, Սֆինքսի տաճարից, դեպի բուրգ տանող ուղուց, դամբարանային տաճարից և փարավոնի բուրգից։ Հովտային տաճարում, ինչպես նաև տաճարում գտնվող ջրհորում Մարիեթի կողմից 1860 թվականին հայտնաբերվել են Քեֆրենի բազմաթիվ արձաններ։ Մնացածը հայտնաբերվել են հաջորդող պեղումների ընթացքում Սիեգլինի (1909-1910), Յունկերի, Ռեիսների և Հասանի կողմից։ Խաֆրեի համալիրը ներառել է նավերի հինգ հորերը և սերբադով (դամբարանային կառույց) օժանդակ բուրգ[6]։ Խաֆրեի բուրգն ավելի մեծ է երևում, քան Քեոփսի բուրգը շնորհիվ իր բարձրադիր տեղանքի։ Իրականում այն ավելի փոքր է թե՛ իր բարձրության, թե՛ ծավալով։ Քեֆրենի բուրգի գագաթին ցուցադրված են դրա երեսպատման քարերը[3]։

Միկերինի բուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկերինիի և թագուհու բուրգերը

Միկերինի բրգային համալիրը բաղկացած է հովտային տաճարից, ուղուց, դամբարանային տաճարից և փարավոնի բուրգից։ Հովտային տաճարում ժամանակին կային Միկերինի բազմաթիվ արձաններ։ Եգիպտոսի 5-րդ դինաստիայի ժամանակաշրջանում հովտի տաճարին ավելացվել է սյունասրահով ավելի փոքր մի տաճար։ Դամբարանային տաճարում նույնպես գտնվել են Միկերինի բազմաթիվ արձաններ։ Փարավոնի բուրգն ունի երեք օժանդակ կամ թագուհու կոչվող բուրգեր[6]։ Չորս հիմնական հուշարձաններից միայն Միկերինի բուրգն է, որի սկզբնական հղկված կրաքարային երեսպատված հատվածը չի պահպանվել[3]։

Սֆինքսը

Սֆինքսը թվագրվում է փարավոն Քեֆրենի գահակալության ժամանակաշրջանով[7]։ Նոր թագավորության ժամանակաշրջանում Ամենհոթեփ II-ը նոր տաճար է կառուցել ի պատիվ Հաուրոն-Հարեմախեթի, և այս կառույցը ընդլայնվել է նրան հաջորդած փարավոնների գահակալության ժամանակ[6]։

Խենտկաուս I-ի դամբարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Խենտկաուս I-ի դամբարանը գտնվում է Գիզայում։ Նրա դամբարանը համարակալված է LG 100 և G 8400 թվերով և գտնվում է Կենտրոնական դաշտում՝ Միկերինի հովտային տաճարում։ Թագուհի Խենտկաուսի բրգային համալիրը ներառում է բուրգը, նավի պահպանության համար նախատեսված հորը, հովտային տաճարն ու բուրգին կից քաղաքը[6]։

Փարավոնի նավը

Կառուցման տեսությունների մեծ մասը հիմնված է այն գաղափարի վրա, որ բուրգերը կառուցվել են քարհանքից հսկայական քարերի փոխադրմամբ ու տեղաշարժմամբ։ Տարաձայնություն կա այն հարցի շուրջ, թե ինչպես են քարերը տեղափոխվել և տեղադրվել և ինչ եղանակով։

Բուրգերի կառուցման ժամանակ ճարտարապետները հավանաբար ժամանակի ընթացքում մշակել են իրենց սեփական տեխնիկան։ Նրանք ընտրում էին ժայռային տարածքներ և ոչ թե ավազուտներ։ Այդպիսի տարածքը կայուն հիմք էր հանդիսանում բուրգերի կառուցման համար։ Մանրամասնորեն հետազոտելով տարածքը և դնելով առաջին հիմնաքարերը՝ նրանք կառուցում էին բուրգերը հորիզոնական մակարդակներով։

Գիզայի Մեծ բուրգի ներսի քարերի մեծ մասը հավանաբար մշակված են կառուցման տարածքից դեպի հարավ գտնվող քարհանքում։ Բուրգի ներսի ողորկ և լավ մշակված մակերեսները պատրաստված են սպիտակ կրաքարի բարձրորակ տեսակներից, որոնք մշակվել են Նեղոսի երկայնքով գտնված քարհանքում։ Ներսում օգտագործված այս քարերի զանգվածները պետք է ամենայն ճշգրտությամբ կտրվեին, բեռնատար նավով տեղափոխվեին Գիզա և քարշ տրվեին դեպի կառուցման վայրը։ Ներկայումս միայն մի քանի քարի զանգվածներ են պահպանվել Մեծ բուրգի հիմքի մոտ։ Ենթադրվում է, որ միջին դարերում (5-րդ դարից մինչև 15-րդ դար) մարդիկ օգտագործել են դրանք շինարարական նպատակներով Կահիրե քաղաքում[3]։

Դրսի երեսպատման բոլոր քարերը պետք է հավասար բարձրություն և լայնություն ունենային, որպեսզի ապահովվեր բուրգի համաչափությունը։ Հավանական է, որ բանվորները նշել են բոլոր քարի զանգվածները՝ ցույց տալու բուրգի պատի աստիճանը և կտրել են մակերեսներն այնպես, որ բոլոր քարի զանգվածները հավասարապես նստեին մեկը մյուսի վրա[3]։

Ավգուստ Մարիետն ու Բրազիլիայի կայսր Պեդրո II-ը Սֆինքսի արձանի մոտ, 1871 թ.

Կա կարծիք, որ Գիզայի և այլ բուրգերը կառուցվել են որպես դամբարաններ՝ պահպանելու Հին Եգիպտոսում իշխած և մահացած փարավոնների մարմինները[3]:Հին եգիպտացիները հավատում էին, որ փարավոնների հոգու մի մասնիկնը, որն իրենք անվանում էին Կա, մնում էր մահացած փարավոնի դիակի մեջ։ Անհրաժեշտ էր պատշաճ եղանակով խնամել նրա մարմինը, որպեսզի «նախկին փարավոնը կատարեր իր նոր պարտականությունները որպես մահացածների արքա»։ Կա տեսակետ, որ բուրգը ծառայել է ոչ միայն որպես փարավոնների դամբարան, այլև որպես պահեստ այն բոլոր իրերի, որոնք անհրաժեշտ էին լինելու փարավոնին հանդերձյալ կյանքում։ Հին եգիպտացիները հավատում էին, որ երկնային կյանքի վերջը դեպի հանդերձյալ աշխարհ ճանապարհորդության սկիզբն էր։ Փարավոնի զմռսված մարմինն ամփոփվում էր բուրգի տակ կամ դրա մեջ՝ պահպանելու նրան և ապահովելու նրա կերպարանափոխությունն ու համբարձումը դեպի հադերձյալ աշխարհ[8]։

Շինարարների գյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաֆրենի բուրգն ու հնավայրը

Քարհանքներում հսկայական քանակությամբ քարերի մշակման, դրանց տեղափոխման, դիրքավորման աշխատանքը կատարվում էի մի քանի հազար արհեստավարժ շինարարների, անփորձ և օժանդակող բանվորների կողմից։ Հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին նաև հացթուխներ, ատաղձագործներ, ջրկիրներ և այլք։ Բուրգերի կառուցման համար օգտագործվող մեթոդներից զատ կան կարծիքներ նման մեծ մասշտաբի շինարարական նախագծի իրականացման համար անհրաժեշտ բանվորների հստակ թվի վերաբերյալ։ Երբ հույն պատմաբան Հերոդոտոսն այցելեց Գիզա մ.թ.ա. 450 թ., նա տեղեկացավ եգիպտացի քրմերից, որ «Մեծ բուրգի կառուցման համար պահանջել է 400.000 բանվոր, որոնք աշխատել են երեք ամիս հերթափոխով և 20 տարի ժամանակ»։ Դամբարաններից հայտնաբերված հիշատակությունների համաձայն՝ բուրգի կառուցման համար պահանջվել է 10.000 բանվոր, որոնք աշխատել են երեք ամիս հերթափոխով և 30 տարի ժամանակ[3]։

Գիզայի բրգային համալիրը շրջապատված է մեծ քարե պատով, որի դրսի հատվածում Մարկ Լեհներն ու իր աշխատանքային թիմը հայտնաբերեցին բուրգերը կառուցած բանվորների գյուղը։ Այն գտնվում է Խաֆրեի և Մենկաուրեի համալիրներից դեպի հարավ-արևելք։ Բանվորների գյուղում հայտնաբերվել են նաև ընդհանուր հանգստի թաղամասեր, հացի փռեր, գարեջրի գործարաններ, խոհանոցներ (այնտեղ հայտնաբերված գտածոներից պարզ է դարձել, որ հացը, տավարի միսն ու ձուկը կազմել են բանվորների սննդակարգի հիմնական մասը), հիվանդանոց և գերեզմանոց (որտեղ կմախքների մեծ մասը գտնվել են վնասված վիճակում, ինչը ենթադրաբար կառուցման տարածքում պատահարի հետևանք է)[9]։ Շինարարների գյուղը թվագրվում է 4-րդ միջին դինաստիայի ժամանակաշրջանով (մ.թ.ա. 520–2472 թթ)՝ Քեոփսի գահակալման ընդունված ժամանակաշրջանից և Մեծ բուրգի կառուցումից հետո։ Ըստ Լեհների և AERA-ի թիմի՝

«Այս քաղաքային համալիրը պետք է որ շատ արագ զարգացած լինի։ Տարածքում բոլոր տեսակի շինարարական աշխատանքները հավանաբար ավարտվել են 30-50 տարվա ընթացքում, որը ներառել է Քեֆրենի և Միկերինի գահակալության շրջանները»

:

Տարածքը որոշելու համար չօգտագործելով ռադիոածխածնային թվագրում և առաջներդվելով միայն խեցեղենի կտորներով և շերտագրությամբ՝ թիմը եզրակացնում է.

«Ձևավորվում է նախագծված բնակավայրի պատկեր, որը աշխարհի ամենավաղ բնակեցված վայրերից է եղել և որը թվագրվում է Գիզայի երկու բուրգերը կառուցողների՝ Քեֆրենի (մ.թ.ա. 2520–2494 ) և Միկերինի (մ.թ.ա. 2490–2472) գահակալության ժամանակահատվածներով»

[10][11]:

Բուրգերի կառուցման ժամանակ դրանց շուրջ ավելի ցածր ազնվականների համար կառուցվել են մաստաբաները (հարթ տանիքով և քառակուսի կառուցվածքով եգիպտական դամբարանի տեսակ):Քեոփսի բուրգի մոտ կա G 7000 համարով նշված հիմնական գերեզման, որը գտնվում է Արևելյան դաշտում՝ հիմնական բուրգից դեպի արևելք՝ թագուհու բուրգերին կից։ Բուրգերի շուրջ գտնվող այս գերեզմանները տեղակայված են եղել փողոցների և պողոտաների երկայնքով[12]։ G 7000 գերեզմանը ամենավաղ գերեզմաններից է և ներառում է 4-րդ դինաստիայի կանանց, նրանց որդիների և դուստրերի գերեզմաններ։ Բուրգի մյուս թևում՝ Արևմտյան դաշտում G 1200 և G 4000 համարակալված գերեզմաններում թաղված են արքայական ծագում ունեցող Վեպեմնոֆրեթն ու Հեմիունուն։ Դրանք հետագայում ընդարձակվել են 5-րդ և 6-րդ դինաստիաների ժամանակ[6]։

Արևմտյան դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան դաշտը գտնվում է Քեոփսի բուրգից դեպի արևմուտք։ Այն բաժանված է ավելի փոքր տարածքների, ինչպիսիք են Աբու Բաքր պեղումներ (1949–50, 1950–51, 1952 և 1953) անունը ստացած գերեզմանները և մի քանի թվագրված գերեզմանների, ինչպիսիք են օրինակ G 1000 և G 1100 գերեզմանները և այլն։ Արևմտյան դաշտում են գտնվում G1000, G1600, G 1900, G 2000, G 2200, G 2500, G 3000, G 4000 և G 6000 գերեզմանները։ Երեք գերեզման էլ անվանվել է ի պատիվ դրանց պեղած հնէաբանների՝ Յունկերի արևմտյան գերեզման, Յունկերի արևելյան գերեզման և Սթեյդորֆի գերեզման[6]։

Գիզայի Արևմտյան դաշտի գերեզմանները[6]
Գերեզման Ժամանակահատված Պեղումներ Մեկնաբանություններ
Աբու Բաքր պեղումներ Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա (1949–53)
Գերեզման G 1000 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1903–05) Քարաշեն մաստաբաներ
Գերեզման G 1100 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1903–05) Քարաշեն մաստաբաներ
Գերեզման G 1200 Հիմնականում Եգիպտոսի 4-րդ դինաստիա Ռեյսներ (1903–05) Քեոփսի ընտանիքի որոշ անդամներ՝ Վեպեմնեֆերտը (փարավոնի տղան), Կաեմ-ահը (փարավոնի տղան), Նեֆերտիաբեթը (փարավոնի դուստրը) թաղված են այստեղ
Գերեզման G 1300 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1903–05) Աղյուսաշեն մաստաբաներ
Գերեզման G 1400 Եգիպտոսի 5-րդ դինաստիա կամ ավելի ուշ Ռեյսներ (1903–05) Երկու տղամարդիկ, ովքեր Քեոփսի մարգարեներն էին
Գերեզման G 1500 Reisner (1931?) Միայն մեկ մաստաբա (G 1601)
Գերեզման G 1600 Եգիպտոսի 5-րդ դինաստիա կամ ավելի ուշ Ռեյսներ (1931) Երկու տղամարդիկ, ովքեր Քեոփսի մարգարեներն էին
Գերեզման G 1900 Ռեյսներ (1931) Միայն մեկ մաստաբա (G 1903)
Գերեզման G 2000 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1905–06)
Գերեզման G 2100 Եգիպտոսի 4-րդ և 5-րդ դինաստիա և ավելի ուշ Ռեյսներ (1931) G 2100-ը պատկանում է փարավոնի թոռանը՝ Մերիբին, G2101-ը պատկանում է 5-րդ դինաստիայի փարավոնի դստերը
Գերեզման G 2200 Ուշ 4-րդ կամ վաղ 5-րդ դինաստիա Ռեյսնե՞ր Մաստաբա G 2220
Գերեզման G 2300 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1911–13) Ներառում է վեզիր Սենեջեմիբ-Ինտիի և իր ընտանեկան մաստաբաները
Գերեզման G 2400 Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Ռեյսներ (1911–13)
Գերեզման G 2500 Ռեյսներ
Գերեզման G 3000 Եգիպտոսի 6-րդ դինաստիա Ֆիշեր և Էքլի Քեյս ավագ (1915)
Գերեզման G 4000 Եգիպտոսի 4-րդ դինաստիա և ավելի ուշ Յունկեր և Ռեյսներ (1931) Ընդգրկում է վեզիր Հեմիունի գերեզմանը
Գերեզման G 6000 Եգիպտոսի 5-րդ դինաստիա Ռեյսներ (1925–26)
Յունկերի արևմտյան գերեզման Եգիպտոսի Հին թագավորության ուշ շրջան Յունկեր (1926–27) Ընդգրկում է կարճահասակ Սենեբի մաստաբան
Սթեյնդորֆի գերեզման Եգիպտոսի 5-րդ և 6-րդ դինաստիա Սթեյնդորֆ (1903–07)
Յունկերի արևելյան գերեզման Եգիպտոսի Հին թագավորության ուշ շրջան Յունկեր

Արևելյան դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան դաշտը գտնվում է Քեոփսի բրգից դեպի արևելք և ներառում է G 7000 գերեզմանը։ Այն Քեոփսի ընտանիքի որոշ անդամների գերեզմանատեղին է։ Գերեզմանն ընդգրկում է նաև բուրգի բնակիչների և քրմերի մաստաբաները, որոնք թվագրվում են 5-րդ և 6-րդ դինաստիաների ժամանակաշրջանով[6]։

G 7000 գերեզմաններ – թագավորական ընտանիքի անդամներ[6]
Դամբարանի համար Պատկանում է Մեկնաբանություններ
G 7000 X Թագուհի Հետեֆերես I Քեոփսի մայրը
G 7010 Նեֆերտկաու I Սնեֆերուի դուստրը, Քեոփսի արյունակից քույրը
G 7060 Նեֆերմաատ I Նեֆերտկաու I-ի և վեզիր Խաֆրայի որդին
G 7070 Սնեֆերուխաֆ Նեֆերմաատ II-ի որդին
G 7110–7120 Քավաբ և Հետեֆերես II Քավաբը Քեոփսի ամենաավագ որդին էր
G 7130–7140 Խուֆուխաֆ I և Նեֆերտկաու II Փարավոնի որդին և վեզիրը և նրա կինը
G 7210–7220 Ջեդեֆհոր Քեոփս և Մերիտիտես փարավոնների որդին
G 7350 Հետեֆերես II Քավաբայի, իսկ հետագայում Ջեդեֆրեի կինը
G 7410–7420 Մերեսանխ II և Հորբաեֆ Մերեսանխը փարավոնի դուստրն էր և նրա կինը
G 7430–7440 Մինխաֆ I Քեոփսի որդին և Խաֆրայի վեզիրը
G 7510 Անխհաֆ Սնեֆերուի որդին և Խաֆրայի վեզիրը
G 7530–7540 Մերեսանխ III Քավաբի և Հետեֆերես II-ի դուստրը, Խաֆրայի կինը
G 7550 Դուաենհոր Հավանաբար Քավաբի որդին և Քեոփսի թոռը
G 7560 Ախեթոտեփ և Մերիտիտես II Մերիտիտեսը Քեոփսի դուստրն է
G 7660 Կաեմսեխեմ Քավայի որդին, Քեոփսի թոռը, ծառայել է որպես ապարանքի տնօրեն
G 7760 Մինջեդեֆ Քավաբի որդին, Քեոփսի թոռը, ծառայել է որպես գանձապահ
G 7810 Ջաթի Մերեսանխ II թագուհու որդին

Այս գերեզմանը թվագրվում է Մենկաուրեի (Յունկեր) կամ ավելի վաղ (Ռեյսներ) ժամանակահատվածով և ներառում է բազմաթիվ քարաշեն մաստաբաներ, որոնք թվագրվում են 6-րդ դինաստիայի ժամանակահատվածով։ Մենկաուրեի ժամանակահատվածով թվագրվող գերեզմանները ներառում են արքունական կառավարիչ Խաեմնեֆերտի, փարավոնի որդի Խուֆուջեդեֆի, ով արքունական առատաձեռն պարգևների վարպետ էր և Նիանխրե անունով մի պաշտոնյայի գերեզմանները[6]։

Կենտրոնական դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական դաշտն ընդգրկում է արքունական ընտանիքի անդամների բազմաթիվ գերեզմաններ։ Դամբարանների թվագրությունը տարբեր է՝ սկսած 4-րդից մինչև 5-րդ դինաստիա կամ անգամ ավելի ուշ[6]։

Կենտրոնական դաշտ՝ արքունական ընտանիքի անդամներ[6]
Գերեզմանի համար Պատկանում է Մեկնաբանություններ
G 8172 (LG 86) Նեբեմախետ Խաֆրեի որդին, ծառայել է որպես վեզիր
G 8158 (LG 87) Նիկաուրե Պերսենետի որդին, ծառայել է որպես վեզիր
G 8156 (LG 88) Պերսենետ Խաֆրեի կինը
G 8154 (LG 89) Վեզիր Սեխեմքարե Խաֆրեի և Հեքենուհեջեթի որդին
G 8140 Նիուսեռե Խաֆրեի որդին, 5-րդ դինաստիայի վեզիր
G 8130 Նիանխրե Փարավոնի որդին, հավանաբար 5-րդ դինաստիա
G 8080 (LG 92) Իունմին Փարավոնի որդին, 4-րդ դինաստիայի վերջ
G 8260 Բաբաեֆ Խաֆրեի որդին, 4-րդ դինաստիայի վերջ
G 8466 Իունրե Խաֆրեի որդին, 4-րդ դինաստիայի վերջ
G 8464 Հեմետրե Հավանաբար Խաֆրեի դուստրը, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա
G 8460 Անխմարե Փարավոնի որդին և վեզիրը, 4-րդ դինաստիայի վերջ
G 8530 Ռեխետրե Խաֆրեի և թագուհու դուստրը, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա
G 8408 Բունեֆեր Փարավոնի դուստրը և թագուհին, 4-րդ դինաստիայի վերջ կամ 5-րդ դինաստիա
G 8978 Խամերերնեբթի I Փարավոնի դուստրը և թագուհին, 4-րդ դինաստիայի կեսերից մինչև վերջ։ Հայտնի է նաև որպես Գալարզայի գերեզման

Սաիսյան շրջանից մինչև ավելի ուշ շրջանը թվագրվող գերեզմանները գտնվել են Խաֆրեի բուրգ տանող ուղու և Մեծ սֆինքսի մոտ։ Դրանք ներառում են Ահմոս անվամբ բանակի հրամանատարի և իր մոր՝ թագուհի Նախտուբաստերաուի (փարավոն Ամասիս II-ի կինն էր) գերեզմանները[6]։

Հարավային դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային դաշտը ներառում են 2-3-րդ դինաստիաներով թվագրվող որոշ մաստաբաներ։ Այս վաղ դինաստիայի գերեզմաններից մեկը կոչվում է Քովինգտոն գերեզման։ Մնացած գերեզմանները թվագրվում են Հին թագավորության վաղ շրջանով (5-րդ և 6-րդ դինաստիաներ)։ Դաշտի հարավային հատվածն ընդգրկում է սաիսյան և ավելի ուշ շրջանից թվագրվող բազմաթիվ գերեզմաններ[6]։

Բուրգեր կառուցողների գերեզմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիզայի բրգային համալիրը գիշերով

Բուրգեր կառուցողների գերեզմանները հայտնաբերվել են 1990 թ. բուրգերի մոտակայքում, իսկ լրացուցիչ գերեզմանատեղին հայտնաբերվել է 2009 թ.: Նրանց չզմրսված մարմինները թաղվել են ցեխաշեն գերեզմաններում, որոնցում եղել են գարեջուր և հաց, որպեսզի նրանք կարողանային գոյատևել հանդերձյալ կյանքում։ Գերեզմանների մոտիկ տեղայնությունը բուրգերին և թաղման եղանակը հաստատում են այն տեսությունը, որ նրանք վարձու բանվորներ էին, որվքեր համբավ էին ձեռք բերել իրենց աշխատանքով և ստրուկներ չէին, ինչպես կարծում էին նախկինում։ Ընդհանուր տարածում գտած կարծիքը, որ բուրգեր կառուցողները եղել են ստրուկներ ժողովրդականացվել է հոլիվուդյան ֆիլմերում՝ հիմնվելով սկզբնական հնագիտական և մարդաբանական այն վարկածի, որ բուրգերը չէին կարող կառուցվել առանց հարկադիր աշխատանքի։ Գերեզմաններից հայտնաբերված փաստերը վկայում են, որ բուրգերը կառուցվել են 10.000 հոգուց բաղկացած աշխատուժի կողմից, ովքեր աշխատել են երեք ամիս հերթափոխով՝ 30 տարվա ընթացքում։ Շինարարների մեծ մասը գալիս էր աղքատ ընտանիքներից։ Գյուղական տնտեսությունները ապահովել են աշխատողներին օրական 21 եղջերավոր անասունով և 23 ոչխարով։ Այնպիսի մասնագետները, ինչպիսիք են ճարտարապետները, որմնադիրները, մետաղ մշակողները և ատաղձագորձները մշտապես վարձատրվում էին փարավոնի կողմից՝ զբաղեցնելու առավել շատ հմտություն պահանջող պաշտոնները[13][14][15][16][17]։

Նոր թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թագավորության ժամանակ Գիզան դեռ ակտիվ տարածք էր։ 18-րդ դինաստիայի վաղ շրջանում հավանաբար Թութմոս I-ի կողմից կառուցվել է Մեծ սֆինքսի մոտ գտնվող մի աղյուսաշեն մատուռ։ Ամենհոթեփ II-ը կառուցել է տվել Հորոն-Հարեմախետին նվիրված տաճար Մեծ սֆինքսի մոտ։ Փարավոն Թութմոս IV-ը այցելել է բուրգեր և Մեծ սֆինքս և երազում տեղեկացել, որ Մեծ սֆինքսը մաքրելով ավազից կպարգևատրվի փարավոնի կոչմամբ։ Այս իրադարձության մասին կա պահպանված արձանագրություն Երազի քարի ստելայի վրա։ Իր գահակալության վաղ տարիներին Թութմոս IV-ը իր կնոջ՝ թագուհի Նեֆերտարիի հետ ստելաներ է կանգնեցրել Գիզայում։ Փարավոն Թութանհամոնը կառուցել է մի կառույց, որն անվանվում է փարավոնի հանգստավայր։ 19-րդ դինաստիայի շրջանում Սեթի I-ն ընդարձակեց Հորոն-Հարեմախետին նվիրված տաճարը, իսկ նրա որդի Ռամզես II-ը կանգնեցրեց մի ստելա Մեծ սֆինքսի դիմաց գտնվող մատուռում և զավթեց Թութանհամոնի հանգստավայրը[6]։

21-րդ դինաստիայի շրջանում կառուցվեց բուրգերի տիրակալ Իսիսի տաճարը։ 26-րդ դինաստիայի շրջանում կանգնեցված ստելայում հիշատակվում են Քեոփսն ու իր կինը՝ թագուհի Հենուտսենը[6]։

Աստղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզայի բոլոր երեք բուրգերի կողմերը աստղագիտորեն ուղղված էին դեպի հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք։ Վերջերս փորձեր են արվել բացատրելու նման կանխամտածված հստակ դիրքավորման մոդելը այնպիսի ուսումնասիրողների կողմից, ինչպիսիք են Ս. Հաաքը, Օ. Նյուգեբաուերը, Ք. Սպենսը, Դ. Ռոլինգը, Ք. Փիքերինգը և Ջ. Բելմոնտը[18][19][20]։ Բուրգերի դիրքը կրկնօրինակում է Հայկ-Օրիոնի համաստեղությունը՝ համաձայն քննարկվող Օրիոնի հարաբերակցության տեսության։

Գիզա սարահարթի քարտեզը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզա սարահարթում հայտնաբերված են չորս գլխավոր գերեզմանոցներ՝ գերեզմանոց արևմուտքում, արևելքում, հարավում և կենտրոնական մասում։

1. Քեոփսի բուրգը

2. Քեֆրենի բուրգը
3. Միկերինի բուրգը
4. Քեֆրենի թաղման տաճար
5. Թաղման տաճար
6. Ուղեկցող բուրգ
7. Քեֆրենի տաճարը դաշտավայրում
8. Միկերինի տաճարը դաշտավայրում
9. Հետեպհերսես I թագուհու դամբարանը
10. Խենտկաուս I թագուհու բուրգը
11. Թագուհիների բուրգերը
12. Մաստաբաները
13. Մեծ սֆինքսը
14. Սֆինքսի տաճարը
15. Հեմիունուի դամբարանը
16. Բուրգերի ուսումնասիրման կենտրոն
17. Տոմսարկղ

18. Փոսեր, որտեղ գտել են Արևային նավակները
19. Նոր ճանապարհ
20. Ժայռում կտրած դամբարաններ
21. Արհեստավորների գյուղ
22. Կահիրե
23. Նազլեթ էլ Սամման գյուղը
24. Թաղմա ճանապարհ
25. Միկերինի քարհանքը
26. Ժամանակակից գերեզմանոց
27. Դեպի հարավ ժայռում կտրած դամբարաններ
28. Ցանկապատ
29. Ժայռում կտրած մաստաբաներ և դամբարաններ
30. Արևմտյան գերեզմանոց
31. Արևելյան գերեզմանոց
32. Մաստաբաների գոտին կենտրոնում և ժայռում կտրած դամբարանները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pedro Tafur, Andanças e viajes.
  2. Medieval visitors, like the Spanish traveller Pedro Tafur in 1436, viewed them however as "the Granaries of Joseph" (Pedro Tafur, Andanças e viajes).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Verner, Miroslav. The Pyramids: The Mystery, Culture, and Science of Egypt's Great Monuments. Grove Press. 2001 (1997). 0-8021-3935-3
  4. Shafer, Byron E.; Dieter Arnold p. 51–52 (2005). Temples of Ancient Egypt. I.B. Tauris. ISBN 978-1-85043-945-5.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Arnold, Dieter; Nigel Strudwick; Helen Strudwick (2002). The encyclopaedia of ancient Egyptian architecture. I.B. Tauris. էջ 126. ISBN 978-1-86064-465-8.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Porter, Bertha and Moss, Rosalind L. B.. Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Reliefs, and Paintings. Volume III. Memphis. Part I. Abû Rawâsh to Abûṣîr. 2nd edition, revised and augmented by Jaromír Málek, The Clarendon Press, Oxford 1974, p. 11-19. PDF from The Giza Archives, 29,5 MB Արխիվացված 2020-08-01 Wayback Machine Retrieved February 10, 2017.
  7. Riddle of the Sphinx Retrieved 6 November 2010.
  8. «Egypt pyramids». culturefocus.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին.
  9. I. E. S. Edwards The Pyramids of Egypt (1993)
  10. «Egyptian Pyramids - Lost City of the Pyramid Builders - AERA - Ancient Egypt Research Associates». aeraweb.org.
  11. «Dating the Lost City of the Pyramids - Mark Lehner & AERA - Ancient Egypt Research Associates». aeraweb.org.
  12. Lehner, Dr. Mark, "The Complete Pyramids", Thames & Hudson, 1997. 0-500-05084-8.
  13. «Who Built the Pyramids?». Explore the pyramids. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «Who built the pyramids?». Harvard Alumni Magazine. 2003 թ․ հուլիս. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  15. «Egypt: New find shows slaves didn't build pyramids». Associated Press. 2010 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին.
  16. The Discovery of the Tombs of the Pyramid Builders at Giza by Zahi Hawass
  17. The Cemetery of the Pyramid Builders Արխիվացված 15 Սեպտեմբեր 2010 Wayback Machine by Zahi Hawass
  18. «Nature». 2000 թ․ նոյեմբերի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. «Nature». 2001 թ․ օգոստոսի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. «DIO The International Journal of Scientific History» (PDF). 13 (1). 2003 թ․ դեկտեմբեր: 2–11. ISSN 1041-5440. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիզայի բուրգեր» հոդվածին։