Գիրք հարցմանց (աշխատություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիրք հարցմանց (այլ կիրառումներ)
Գիրք հարցմանց | |
---|---|
Հեղինակ | Գրիգոր Տաթևացի |
Ժանր | հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1397 թ. |
Հրատարակիչ | Մահտեսի Աստվածատուր |
Հրատարակման տարեթիվ | 1729 թ. |
Թվային տարբերակ | aua.am կայքում |
«Գիրք հարցմանց», Գրիգոր Տաթևացու աշխատությունը։ Շարադրումը ավարտվել է 1397 թվականին, Տաթևի համալսարանում։ «Գիրք հարցմանց»-ը միջնադարյան գիտելիքների մի համապարփակ հանրագիտարան Է, ուր փիլիսոփայական խնդիրներից զատ հարց ու պատասխանի ձևով քննարկվում են բազմապիսի կրոնադավանաբանական խնդիրներ, նաև վիճարկվում են իսլամի հիմնական դրույթները։ Զգալի տեղ է հատկացված բնագիտական, մանկավարժական, սոցիալ-քաղաքական և տնտեսագիտական հարցերին։ «Գիրք հարցմանց»-ում շարադրված են Գրիգոր Տաթևացու իմացաբանությունը, տրամաբանական ու հոգեբանական հայացքները, արտահայտվել են հեղինակի նոմինալիզմը և սենսուալիզմը, նրա մատերիալիստական միտումները։ «Գիրք հարցմանց»-ի բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և արտասահմանյան հավաքածուներում։ Միակ հրատարակությունը (1729, Կ․ Պոլիս) պատկանում է տպագրիչ Մահտեսի Աստվածատուրին, որտեղ, սակայն, բաց է թողնված «ԸնդդԷմ տաճկաց» գլուխը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 89)։ |