(Translated by https://www.hiragana.jp/)
Դունգա - Վիքիպեդիա Jump to content

Դունգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դունգա
պորտ.՝ Dunga
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1963(1963-10-31)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Իժուի, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա[3]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կառլոս Կաետանո Բլեդորն Վերի (պորտ.՝ Carlos Caetano Bledorn Verri, հոկտեմբերի 31, 1963(1963-10-31)[1][2], Իժուի, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա[3]), առավել հայտնի է որպես Դունգա (պորտ.՝ Dunga), բրազիլացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Եղել է Բրազիլիայի հավաքականի ավագը 1994 թվականի աշխարհի առաջնությունում։ 2006-2010 և 2014-2016 թվականներին գլխավորել Է հավաքականը՝ որպես գլխավոր մարզիչ։

Դունգա մականունը Կառլոսին տրվել է մանկության տարիներին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում թզուկներից մեկի անունով[4]։

«Ինտերնասիոնալ» ակումբի ֆուտբոլային դպրոցում հայտնվելուց հետո Դունգան սկսել է հանդես գալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչը հատկապես գնահատվում էր Բրազիլիայում, որը հայտնի էր իր հարձակվող ֆուտբոլիստներով, մինչդեռ Կառլոսը պատրաստ էր կատարել պաշտպանական գործառույթներ։ Դա հանգեցրել է նրան, որ իր 17-ամյակից մեկ ամիս առաջ Դունգան ստորագրել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը։ «Ինտերի» կազմում Դունգան երեք անգամ հաղթել է Ռիու Գրանդե դու Սուլ նահանգի առաջնությունում և ստացել առաջին մարտահրավերը Բրազիլիայի հավաքականում։

Այնուհետև կարիերայի բրազիլական հատվածում Դունգան հանդես է եկել «Կորինտիանս», «Սանթոս» և «Վասկո դա Գամա» ակումբներում։ Այս բոլոր թիմերը բրազիլական ֆուտբոլի մեծերն են, և նրանցից յուրաքանչյուրում Դունգան մեկնարկային կազմի ամուր խաղացող էր։

1987 թվականին Դունգան որոշել է կարիերան շարունակել Եվրոպայում՝ պայմանագիր կնքելով իտալական «Պիզայի» հետ։ Ոչ ամենաուժեղ ակումբի կարգավիճակը Դունգայի համար փոխհատուցվում էր A սերիայում խաղալու հնարավորությամբ, որն այդ ժամանակ Եվրոպայում ուժեղագույն առաջնության համբավ ուներ։ Բացի այդ, լեգեոներների համար այդ պահին գործող սահմանաչափը ակումբներին թույլ չէր տալիս իրենց կազմում ունենալ մեծ թվով օտարերկրացիներ և ամենից հաճախ նախապատվությունը տրվում էր հարձակվող ֆուտբոլիստներին։ Չնայած դրան, Դունգան կարողացավ ամրապնդվել Իտալիայում և առաջին իսկ մրցաշրջանում օգնեց «Պիզային» ամրապնդվել A սերիայում։

Մեկ տարի անց Դունգան փոխեց ակումբային գրանցումը՝ կարիերան շարունակելով ավելի կարգավիճակային «Ֆիորենտինայում»։ 1990 թվականին «մանուշակները» կարողացան հասնել ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ՝ ամբողջ մրցաշարի ընթացքում բաց թողնելով ընդամենը երեք գոլ, ինչը նշանակալի էր բրազիլացի հենակետի համար։ Սակայն երկխաղյա եզրափակիչում «Ֆիորենտինան» առանց մեծ շանսերի պարտվեց իտալական մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսին»։ Դրանից հետո թիմի խաղում անկում գրանցվեց, ինչը դրդեց Կառլոսին կրկին փոխել թիմը։ 1992 թվականին նա տեղափոխվեց համեստ «Պեսկարա», որը դարձավ Իտալիայի առաջնության վատագույն թիմը և դուրս եկավ էլիտար դիվիզիոնից։ Դունգան օգտվեց Իտալիայից հեռանալու հնարավորությունից (նրա պայմանագիրը թույլ էր տալիս դա անել դասում թիմի իջեցման դեպքում) և մեկնեց Բունդեսլիգա։

Գերմանիայի առաջնությունում Դունգան երկու մրցաշրջան հանդես էր գալիս համեստ «Շտուտգարտում», որը չէր հավակնում լուրջ մրցաշարային խնդիրների, սակայն իր մակարդակից ցածր չէր ընկնում։ Այս թիմում բրազիլացին նույնպես կարողացավ դառնալ հիմնական խաղացող։

1995 թվականին Դունգան տեղափոխվեց Ճապոնական Ջեյ լիգայի «Ջուբիլո Իվատա» ակումբ։ Ճապոնիայի առաջնությունն այդ ժամանակ ակտիվորեն զարգանում էր, և նրա ակումբները հաճախ իրենց կազմերում ներգրավում էին աստղային ֆուտբոլիստների, ովքեր գտնվում էին կարիերայի մայրամուտին։ 1997 թվականին ակումբը գլխավորել է Դունգայի հայրենակից Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով թիմը հասցրել է երկու անընդմեջ չեմպիոնական տիտղոսների։ Ինչ վերաբերում է Կառլոսին, ապա 1997 թվականին նա ճանաչվել Է Ճապոնիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

1999 թվականին 36-ամյա Դունգան վերադարձել է հարազատ «Ինտերնասիոնալ»։ Ամբողջ մրցաշրջանում ակումբը պայքարում էր գոյատևման համար և մնաց էլիտայում միայն «Պոնտե Պրետայի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ։ Այս խաղում միակ գոլը խփեց հենց Դունգան։ Մրցաշրջանի ավարտից հետո Կառլոսը որոշում է կայացրել ավարտել խաղային կարիերան։

Բրազիլիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքականում Դունգան իր նորամուտը նշել է 1987 թվականին և նույն թվականին նրա կազմում մեկնել է Ամերիկայի գավաթ, իսկ արդեն երկու տարի անց նրա կազմում դարձել է այդ մրցաշարի հաղթող։ Մեկ տարի անց Դունգան մասնակցեց իր համար առաջին աշխարհի առաջնությանը, որն անցկացվեց Իտալիայում։ Սակայն «մունդիալում» բրազիլացիներն ակնհայտորեն ցածր հանդես եկան իրենց հնարավորություններից և դուրս մնացին մրցաշարից արդեն 1/8 եզրափակչում՝ 0:1 հաշվով զիջելով աշխարհի գործող չեմպիոն արգենտինացիներին։

Դունգայի աստղային ժամը հավաքականում 1994 թվականի աշխարհի առաջնությունն էր։ Մրցաշարի ընթացքում նա դարձավ հավաքականի ավագ այն բանից հետո, երբ Ռային կորցրեց մարզչական շտաբի վստահությունը։ Յուրաքանչյուր խաղում Կառլոսը հուսալի խաղ էր ցուցադրում խաղադաշտում և առաջատարի որակներ դրանից դուրս և օգնեց թիմին հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Եզրափակիչ խաղում բրազիլացիները միայն 11 մետրանոցներով հաղթեցին Իտալիայի հավաքականին, իսկ Դունգան հաջող իրացրեց իր փորձը։ Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը նվաճեց 24 տարվա ընթացքում առաջին չեմպիոնական տիտղոսը։

Դրանից հետո հաջորդեցին Ամերիկայի երկու բավականին հաջող գավաթները (1995-ին բրազիլացիները դարձան երկրորդը՝ եզրափակչում զիջելով ուրուգվայցիներին, իսկ 1997-ին նրանք վերադարձան չեմպիոնական տիտղոսը) և Կոնֆեդերացիաների հաղթական գավաթը։

Որպես ավագ՝ Դունգան հավաքականը ներկայացրել է նաև հաջորդ աշխարհի առաջնությունում, որտեղ բրազիլացիները գլխավոր ֆավորիտներն էին և առանց մեծ խնդիրների հասան եզրափակիչ։ Սակայն վճռորոշ խաղում նրանք 0:3 հաշվով զիջեցին մրցաշարի տանտերերին Ֆրանսիայի հավաքականին։ «Մունդիալի» ավարտից հետո Դունգան որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան։

2006 թվականին Պոն գլխավորել Է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Կառլոս Դունգայի գլխավորությամբ հավաքականը նվաճեց 2007-ի Ամերիկայի գավաթը, ինչպես նաև դարձավ 2009-ի Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։ Չինաստանում կայացած օլիմպիական մրցաշարում բրազիլացիները նվաճել են բրոնզե մեդալներ։ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում Դունգայի սաները վստահորեն հասան քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեցին մրցաշարի ապագա եզրափակիչի հոլանդացիներին։ Այս պարտությունից հետո մարզիչը հրաժարական տվեց։

«Երբ ես գլխավորեցի հավաքականը, որոշում կայացվեց, որ չորս տարի կաշխատեմ նրա հետ։ Իհարկե, այս ամենը տխուր է, դժվար ... Ոչ ոք պատրաստ չէր պարտության»[5]։

2012 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է «Ինտերնասիոնալի» գլխավոր մարզչի պաշտոնում[6][7]։ Այդ պաշտոնում փոխարինել է Օսմար Լոսսին։ Աշխատանքից ազատվել է 2013 թվականի հոկտեմբերի 4-ին։

ԱԱ-2014-ից հետո կրկին գլխավորել Է Բրազիլիայի հավաքականը՝ այդ պաշտոնում փոխարինելով Լուիս Ֆելիպե Սկոլարիին, իսկ 2015-ի մայիսին գլխավորել է նաև Բրազիլիայի օլիմպիական հավաքականը։ Նրա գլխավորությամբ հավաքականը երկու անգամ անհաջող հանդես եկավ Ամերիկայի գավաթի խաղարկությունում, ինչի արդյունքում Դունգան հեռացվեց պաշտոնից 2016 թվականի հունիսին։

«Դունգային աշխատանքից ազատելու որոշումը կայացվել է հատուկ նիստի ժամանակ։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կառլոս Դունգային և նրա օգնականներին նվիրված աշխատանքի համար»[8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի չեմպիոն(3)։ 1982, 1983, 1984 (Ինտերնասիոնալ)
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (1)։ 1987 (Վասկո դա Գամա)
  • Հարավային Ամերիկայի երիտասարդների չեմպիոն (1)։ 1983 (Բրազիլիայի հավաքական)
  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1)։ 1983 (Բրազիլիայի հավաքական)
  • Արծաթ Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում՝ 1998 (Բրազիլիայի հավաքական)
  • Արծաթ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում՝ 1984 (Բրազիլիայի հավաքական)
  • Ամերիկայի գավաթի հաղթող (2)՝ 1989, 1997 (Բրազիլիայի հավաքական)
  • Աշխարհի չեմպիոն (1)՝ 1994 (Բրազիլիայի հավաքական)
  • Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող (1)՝ 1997 (Բրազիլիայի հավաքական)
  • Ճապոնիայի Չեմպիոն (2)՝ 1997, 1998 (Ձուբիլո Իվատա)
  • Ջեյ լիգայի ամենաարժեքավոր խաղացողը՝ 1997

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկայի գավաթի հաղթող (1)՝ 2007 (Բրազիլիայի հավաքական)
  • Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող (1)՝ 2009 (Բրազիլիայի հավաքական)
  • Բրոնզը Պեկինի Օլիմպիական խաղերում (Բրազիլիայի հավաքական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1031911804 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Oficina De Ideias: A Origem Do Apelido Do Técnico Da Seleção Brasileira». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Дунга не будет продолжать работу в сборной Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Dunga é oficialmente apresentado como técnico do Inter» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 12.12.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Dunga ist neuer Trainer bei Internacional» (գերմաներեն). transfermarkt.at. 13.12.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Официально: Дунга покинул пост наставника сборной Бразилии». soccerlivehd.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունգա» հոդվածին։