Դրամատիկական սեռ
Դրամատիկական սեռ կամ թատերգություն (հին հունարեն՝
Դրամատիկական սեռի (դրամա, թատերգություն) ստեղծագործությունները կոչվում են նաև պիեսներ։ Դրամատիկական սեռի ժանրերն են՝ ողբերգություն, կատակերգություն, դրամա, ֆարս։
Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն[1]։ Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց։ Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը։
Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից։ Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով։ Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում։ Այդ խոսքերը կոչվում են հեղինակային ռեմարկներ (նշագրություն)։
Դրամատիկական ստեղծագործությունների նշված առանձնահատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք գրեթե միշտ գրվում են նկատի ունենալով թատերական բեմի վրա խաղացվելու հեռանկարը (շատ քիչ դրամաներ են գրվում միայն ընթերցանության համար)։ Դրաման մի տեսակ երկակի բնույթ ունի. այն հավասարապես պատկանում է և՛ գրականությանը, և՛ թատերական արվեստին։ Թատրոնում պիեսի գրական միջոցներին միանում են դերասանական խաղը, դեկորացիաները, երաժշտությունը, քանզի թատրոնը համադրական արվեստ է։
Դրամատիկական ստեղծագործություններն ունեն հատուկ կառուցվածք. դրանք բաժանվում են մի քանի գործողությունների (արարված, ակտ)։ Թատերգություններն ավելի հաճախ ունենում են 3-5 գործողություն, որոնցից ամեն մեկն ավարտում է սյուժեի զարգացման մի կարևոր օղակը։ Պիեսը գործողությունների բաժանելն անհրաժեշտ է ներկայացման ժամանակ ընդմիջումներ տալու, դեկորացիաները փոխելու համար։ Գործողությունն էլ երբեմն ունենում է իր մասերը՝ պատկերներ, որոնց ավարտից հետո տրվում է ավելի կարճատև դադար։ Գործողությունը կամ պատկերն ունենում են բազմաթիվ ենթաբաժիններ, որոնք կոչվում են տեսիլներ։ Ամեն մի տեսիլ սկսվում ու ավարտվում է այն ժամանակ, երբ բեմի վրա երևում է նոր հերոս, կամ, ընդհակառակը, ներկաներից մեկը հեռանում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 336-339։