(Translated by https://www.hiragana.jp/)
Մուշ - Վիքիպեդիա Jump to content

Մուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշ (այլ կիրառումներ)
Պատմական Հայաստանի քաղաք
Մուշ

Մշո Սուրբ Առաքելոց վանքը


Գավառ Տարոն
Հիմնադրված է Մ.թ.ա. 8-րդ դար
Բնակիչները ենթարկվեցին
Ցեղասպանության
Այո, բնակչության մեծ մասը սպանվեց
Կենտրոնի բարձրություն 1400 մ մ
Եղել է մայրաքաղաք Չի եղել
Եղել է պարսպապատ Այո
Բնակչություն 25.000
69.507 մարդ (1909
2008)
Մուշ (Մեծ Հայք)##
Մուշ (Մեծ Հայք)
Մուշ (Թուրքիա)##
Մուշ (Թուրքիա)

Մուշ, քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Մուշի գավառի կենտրոնն էր ու հայոց թեմակալի աթոռանիստը։ Հիշատակվում Է նաև իբրև բերդ, ավան, գյուղաքաղաք և քաղաքագյուղ։ Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ»-ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։

Պատմություն և տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու, Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին։ Հարավային կողմում բարձրանում են Հայկական Տավրոս լեռնաշղթայի Սասունի լեռները, Ծիրկատար և, Կորդուխ լեռնագագաթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1-2 հարկանի կավաշեն, անշուք և տարրական հարմարություններից զուրկ, տափակ կտուրներով տները։ Մուշի գետը քաղաքը բաժանում է 2 մասի։ Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները։

Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810 - 786 թվականներ, մ.թ.ա.) սեպագիր արձանագրությունը և այլն։ Քաղաքի արևելյան մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5-10–րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում։ Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին։ Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները։ Պահպանվել են Մուշում 13-15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր։ Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին։ 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851-852 թվականներին դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը։ 852 թվականի ձմռանը Մուշի Ս. Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը։ XVI դ Մուշը նվաճվել է թուրքերի կողմից։ 1860-ական թթ. Մուշում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը։

Մինչև 1915 թ. Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս. Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ 19-րդ դարի վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։

Ըստ որոշ աղբյուրների՝ 1909 թ․ Մուշն ուներ շուրջ 25,000 բնակիչ, որից հայեր՝ 9,000, մնացածը թուրք և քուրդ։ Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ։ Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը։ Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները։

Մուշի Սուրբ Մարինե եկեղեցու ներկայիս վիճակը

Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի, «անճաշակ ու անճոռնի» առանձնատունը, մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս. Մարինե, Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ։ Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851-852 թթ. դեպքերի առնչությամբ։

Քաղաքի արևելյան կողմում՝ բարձունքի վրա, գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ.։ Ս. Մարինեի թաղում էին գտնվում կաթոլիկ հայերի առաջնորդարանը և Մուրատ Մխիթարյան վարժարանը։ Այստեղ գործում էին նաև բողոքական հասարակության ժողովարանն ու դպրոցը։ Գետի ափին կառուցված էր Հայոց առաջնորդարանի շենքը։ Դուզ մահլա թաղում և Մուշի բերդում տեղավորված էին քաղաքի 3000-անոց թուրքական կայազորն ու զինապահեստները։ Մուշի կրթական ու մշակութային կյանքում շատ կարևոր դեր էին կատարում Հայկական 5 թաղային և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը և Պոլսի Հայոց պատրիարքարանի միջոցներով պահվող 2 որբանոցները։ 1899 թվականին դպրոցներում սովորող աշակերտների թիվը մոտ 750 էր։ 1863-1865 թթ. Մուշում լույս էր տեսնում «Լրատար Արծվիկ Տարոնո» լրագիրր Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։

Մշեցի հայերը բնութագրվում էին որպես «քաջակորով, անձնուրաց և ազգային ավանդները պահպանող հայրենասեր, գիտության և արվեստների մեջ որոշակի ձիրքեր ունեցող մարդիկ», որոնցից կարելի է հիշել հրապարակախոս, խմբագիր ու մանկավարժ Գ. Ս. Անդրեասյանին (1869-1906), հայ երգի անզուգական կատարող, «Տարոնի սոխակ» Արմենակ Շահմուրադյանին (1878-1939), հրապարակախոս Մխիթար Աբրոյանին (1880-1915), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898-1977) և ուրիշների։

Մուշի հայաթափում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի հայության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակի հետևանքով 19-րդ դարի վերջերից Մուշից նույնպես շատ հայեր էին պանդխտության գնում Կոստանդնուպոլիս, Ռուսաստան և այլ երկրներ։ Շատերն էլ ուղղակի արտագաղթում էին ընտանիքներով, 1887 թվականին միայն մեկ ամսում Մուշից արտագաղթել էին 600 հայեր, իսկ ողջ գավառից հեռացածների թիվը այդ նույն ժամանակահատվածում հասնում էր 15,000 մարդու։ Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվեց 1915 թվականի հուլիսի 10-ից։ Քաղաքի և նրա շրջակայքի բնակչության մի զգալի մասը ոչնչացվեց, մի մասն էլ մեծագույն տառապանքներով տարագրվեց այս ու այն երկրները։ Մշեցի տարագիրների որոշ խմբեր 1917-1918 և 1927 թվականներին հաստատվել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն, Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում։

Մուշի գլխավոր փողոցը

Այժմ Մուշը անշուք մի բնակավայր է, Մուշի մարզի կենտրոնը։ 1952 թվականին քաղաքն ուներ 7000 քուրդ և թուրք բնակիչ։ Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ, որոնք հիմնականում իսլամադավան են։

Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել Մշո Սուրբ Առաքելոց վանքը (այժմ ավերակ վիճակում)։

Աղբյուրներ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լալայեան Երուանդ, Մուշ - Տարօն. Ազգագրութիւն («Ազգագրական հանդէս»)։
  • Բենսէ [Սահակ Մովսիսեան] եւ Երուանդ Լալայեան, Բուլանըխ կամ Հարք Գաւառ, Արտատպուած «Ազգագրական Հանդիս»ից։ Թիֆլիս, տպ. Կ. Մարտիրոսեանցի, 1901, 182, 108, 1 չհ. էջ։
  • Գեղամ Տէր Կարապետեան (Գեղամ), Տարօնի աշխարհ-պատկերներ ու պատմուածքներ, Փարիզ, 1931, 340 էջ։
  • Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, հրատ. Տարօն-Տուրուբերանի Հայրենակցական Միութեան կեդրոնական վարչութեան, Պէյրութ, տպ. Սեւան, 1956, 1252 էջ։ Բ. տպ., Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 2013։
  • Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Աղան Տարօնեցի, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, հրատ. Հայ Ազգային Հիմնադրամի, 1962, 676 էջ։
  • Սմբատ Շահնազարեան, Մշոյ բարբառը եւ իր ժողովուրդին դիմաստուերը, Պէյրութ, տպ. Սեւան, 1972, 251 էջ։
  • Հ. Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953, 269, 2 էջ։
  • Քերովբէ Կարապետեան, Ալպոմ-Յուշամատեան նուիրուած Տարօն աշխարհի, Լիոն, տպ. Տարօն, 1962, 192 էջ։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), Երևան, Երևանի Համալսարանի հրատարակչություն, 1986-2001 թթ.։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 80