Սիմոն Պոլիվար
Սիմոն Պոլիվար (սպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), (24 Յուլիս, 1783, Քարաքաս, Վենեզուելլա - 17 Դեկտեմբեր 1830, Սանթա-Մարթա, Քոլումպիա), լատին-ամերիկեան զինուորական եւ պետական գործիչ, 1810–1826 թուականներուն ընթացող Ամերիկայի սպանական գաղութներու անկախութեան պայքարի ամենաազդեցիկ եւ յայտնի ղեկավարը։ Վենեզուելլայի ազգային հերոս։ 1819–1822 թուականներուն, շարք մը ճակատամարտերուն ջախջախելով սպանացիներուն, Պոլիվարի բանակը ազատագրեր է այժմեան Վենեզուելլայի, Քոլումպիայի եւ Էքուատորի տարածքները), իսկ 1824 թուականին՝ Փերուն։
Ազատագրեր է սպանական գերիշխանութիւնէն Վենեզուելլան, Նոր Կրանատան (Հիւսիսային Քոլումպիա ու Փանամա), Քիթօ գաւառը (ժամանակակից Էքուատոր), 1819-1830 թուականներուն այս տէրութիւններու տարածքին ստեղծուած Մեծ Քոլումպիայի նախագահ։ 1824 թուականին ազատագրեր է Փերուն ու կանգներ Վերին Փերույի տարածքին ստեղծուած Պոլիվիա հանրապետութեան գլուխ, որ կոչուեր է իր պատուին (1825)։ Վենեզուելլայի Ազգային երեսփոխաններու կամ ծերակոյտի ժողովը 1813 թուականին զինք հռչակեր է Ազատիչ (սպ.՝ El Libertador)։
հին տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմոն Պոլիվարը ծնած է 24 Յուլիս 1783 թուականին ազգութեամբ (Basque) պասք, ազնուական Քրէոլ Խուան Վինսենթէ Պոլիվարի ընտանիքի մէջ։ Սպանիայէն Հարաւային Ամերիկա տեղափոխուած Պոլիվարներու ընտանիքը աշխոյժ դերակատարութիւն ստանձներ է Վենեզուելլայի հասարակական կեանքին մէջ։ Սիմոն Պոլիվարը վաղ տարիքին կորսնցուցած է ծնողքը։ Ապագայ յեղափոխականի դաստիարակութեան եւ աշխարհայացքի ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն ձգած է Պոլիվարի աւագ ընկեր եւ յայտնի լուսաւորիչ Սիմոն Ռոտրիկեսը: 1799 թուականին Սիմոնի ազգականները որոշեցին զինք Մատրիտ ղրկել` հեռու անհանգիստ Քարաքասէն: Մատրիտի մէջ Սիմոն Պոլիվարը ուսումնասիրեց իրաւաբանութիւն, ապա այցելեց Իտալիա, Զուիցերիա, Գերմանիա, Անգլիա եւ Ֆրանսա: 1805 թուականին Պոլիվարը մեկնեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր անոր մօտ ձեւաւորուեցաւ սպանական տիրապետութիւնէն Հարաւային Ամերիկայի ազատագրման գաղափարը:
Վենեզուելլայի Հանրապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոլիվարը աշխոյժ մասնակցութիւն ունեցաւ Վենեզուելլայի մէջ սպանական տիրապետութեան տապալման (19 Ապրիլ 1810) եւ անոր անկախ հանրապետութիւն հռչակման գործին մէջ (5 Յուլիս 1811): Նոյն թուականին Պոլիվարը յեղափոխական (junta) (ժողովրդական ժողով) կողմէ ղրկուեցաւ Լոնտոն՝ անգլիական կառավարութենէն օգնութիւն ստանալու[5]: Վերջինս սակայն գերադասեց չէզոքութիւն պահպանել։ Պոլիվարը Լոնտոնի մէջ ձգեց Լուի Լոփես Մենտեսին Վենեզուելլայի անունով զինուորներու վարձակալութեան համար բանակցութիւնները շարունակելու եւ վերադարձաւ Վենեզուելլա:
Շուտով սպանացի զօրավար Մոնթեվերտէն օգնութեան խնդրանքով դիմեց Վենեզուելլայի տափաստան-լիանոսներու կիսավայրենի բնակիչներուն` ռազմատենչ լիաներոսներուն։ Լիաներոսներու ոչ կանոնաւոր ուժերու գլուխ նշանակուեցաւ Asturian ասթուրիացի կամ ասթուրասցի Խոսէ Տոմաս Պովեսը: Պատերազմը ընթացաւ չափազանց դաժան բնոյթով, որուն Պոլիվարը պատասխանեց գերիներուն սպանելու հրամանով։ Սպանացիներու կողմէն Պոլիվարի բանակի ջախջախումէն յետոյ ան հանդիսաւոր կերպով հռչակուեցաւ «Վենեզուելլայի ազատարար» (El Libertador)։ Պոլիվարի գլխաւորութեամբ ձեւաւորուեցաւ Վենեզուելլայի երկրորդ հանրապետութիւնը։ Սակայն չիրականացնելով հասարակութեան ստորին հատուածներու շահերէն բխող բարեփոխումներ՝ ան չկարողացաւ ստանալ անոնց աջակցութիւնը եւ 1814 թուականին կրկին պարտութիւն կրեց։ Սպանական զօրքերու ճնշման տակ 6 Յուլիս 1814 թուականին Պոլիվարի զօրքերը լքեցին Քարաքասը, իսկ Պոլիվարը հեռացաւ երկրէն` հաստատուելով Ճամայքայի մէջ: 1815 թուականի Սեպտեմբերին Պոլիվարը այնտեղ բաց նամակ գրեց, որու մէջ իր համոզումը կը յայտնէր սպանական Ամերիկայի շուտափոյթ ազատագրման գծով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Masur G. S. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin — 1999.
- ↑ Боливар Симон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Боливар, Симон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոլիվարի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարան Archived 2020-07-24 at the Wayback Machine.
|
Ստորոգութիւն