(Translated by https://www.hiragana.jp/)
Սարգիս Պիծակ - Վիքիպեդիա Jump to content

Սարգիս Պիծակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սարգիս Պիծակ
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ
 Sargis Pitsak Վիքիպահեստում

Սարգիս Պիծակ (անհայտ[1] - անհայտ[1]), կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ քանդակագործ և մանրանկարիչ[2]։ Ստեղծագործել է Սիս քաղաքում։

Հայ մանրանկարչության մեջ առայժմ հայտնի չէ մի այլ հեղինակ, որից այնքան մեծ թվով նկարազարդ ձեռագրեր հասած լինեն, որքան XIV դարի առաջին կեսի կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակից։ Ժամանակակիցները և հետևորդները բարձր են գնահատել նրա արվեստը։ Այսպես, հիշատակարաններից պարզվում է, որ Վասպուրականի Աղթամարի Ս. Խաչ վանքում պահված Պիծակի «Արքունական ավետարանը» (Մատ. N5786), մի քանի անգամ փրկագնելով հափշտակիչներից, դարձրել էին պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության ավետարանը» պտտում էին հիվանդի շուրջը, նրան վերագրելով հրաշագործ ուժ։

Կենսագրություն

Անհայտ են Սարգիս Պիծակի ծննդյան և մահվան տարեթվերը։ 1301-ի մի ձեռագրում նրա հայրը՝ Գրիգոր քահանան, երկար կյանք է մաղթում որդուն՝ Սարգսին, որ օգնել է իրեն։ 1312-ի Սաղմոսարանի հիշատակարանում նույն Գրիգորը խնդրում է հիշել նաև որդուն. «Զդեռաբոյս որդին իմ զՍարգիս աղաչեմ յիշել»։ Ղևոնդ Ալիշանը բերում է մի վկայություն, որ վերաբերում է Պիծակ մականվան առաջացմանը։ Մի անգամ նրա հոր՝ նշանավոր ծաղկող և գրիչ Գրիգորի մոտ լինում են հյուրեր։ Այն պահին, երբ փոքրիկ Սարգիսը նկարում էր, «պիծակ մի նստավ,- մեջ է բերում Ալիշանը,- հանդէպ նմա ի լուսամուտն, որ և շուտ նկարեաց զնա. զոր տեսեալ մերձակայիցն՝ կարծեցին թէ պիծակն եկեալ նստաւ. զոր ընդ ձեռօքն վարելն նոցա զնա, ծիծաղեալ տէր Գրիգորն. ապա գիտացին զիրն, և զարմացեալ կոչեցին զնա Պիծակ»։

Մատ. N 2627

Ըստ Ալիշանի, Սարգսի մոր անունն էր Հեղինե։ Ձեռագրերի հիշատակարանները որոշ տեղեկություններ են տալիս մի կողմից Պիծակի ապրած խռովահույզ դարաշրջանի, մյուս կողմից՝ նրա հարազատների ու ազգականների մասին։ Նրա կնոջ անունն էր Զալտուն, քրոջը՝ Խոյանդ խաթուն։ Սարգիս Պիծակը աշխատել է Կիլիկիայի տարբեր վայրերում՝ Սիս, Սկևռա, Դրազարկ, Կոպիտառա, Փոս անապատ և այլուր։ 1320-ին նրա արվեստն ուներ համակիլիկյան համբավ։ Այդ երևում է նույն թվականի՝ այսպես կոչված «Ութ ավետարանիչների ավետարանի» ստացողի՝ Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսի հիշատակարանից։ Այնտեղ ասված է, որ նա Կիլիկիայում Օշին թագավորից իրավունք է ստանում պալատական գրապահոցից ընտրել ուզած գիրքը և ջոկում է մի ավետարան՝ գրված վարժ, «գեղեցկագիր», պատկերազարդված «յոգնահանճար նկարակերտի» կողմից, բայց անավարտ։ «Խնդութեամբ մեծաւ» առնելով ավետարանը, Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսը նախընտրում է «զսրբասեր քահանայ զՍարգիս մականուն Պիծակ, յոյժ հմուտ նկարագրութեան (շատ հմուտ նկարչության մեջ)» և 1300 դրամով պատվիրում է նրան լրացնել պակասը։ Եվ Պիծակը «բազում աշխատութեամբ, այնուհետև մեծ գոհունակությամբ ասվում է հիշատակարանում, կատարեաց և ելից զպակասութիւն ոսկենկար պատկերացն որ ի սմա (որոնք այս ավետարանում էին) զոր ընկալայ և զուարճացայ ներքին մարդովս»։

Սարգիս Պիծակը ապրել, ստեղծագործել է 14-րդ դարի առաջին կեսում, Կիլիկյան Հայաստանի պատմության ամենահակասական, ամենաբարդ և ամենաողբերգական ժամանակաշրջանում։ «Հայոց (Կիլիկյան) թագավորությունը, ինչպես 14-րդ դարի սկզբին ճիշտ, պատկերավոր ու դրամատիկորեն ներկայացնում է վենետիկցի Սամուտոն, ժանիքներով ծվատում են չորս գազաններ. մի կողմից առյուծը, այսինքն՝ թաթարները, որոնց հայոց թագավորը մեծ տուրք է տալիս, մյուս կողմից՝ ընձառյուծը, այսինքն սուլթանը (եգիպտական), որը ամեն օր ավերում է երկիրը և կոտորում քրիստոնյաներին, երրորդ կողմից՝ գայլը, այսինքն՝ թուրքերը (Իկոնիայի), որոնք ավերում են տնտեսությունը և թագավորությունը, չորրորդ կողմից՝ օձը, այսինքն՝ մեր ծովի ավազակները (վենետիկցիներն ու ճենովացիները), որոնք ամեն օր կոտրատում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորները»։ Ահա այդ շրջանում, երբ Կիլիկյան հայկական պետությունը երկարատև հոգևարքի մեջ էր, ստեղծագործում, բազմաթիվ ձեռագրեր էր ծաղկում Պիծակը՝ «անկախ Կիլիկիայում աշխատած վերջին խոշոր նկարիչը»։

Ստեղծագործական աշխատանք

1319–1358 թվականների ընթացքում, Պիծակը ծաղկում է տասնյակ ձեռագրեր՝ Սարգիս քահանա և Սարգից Պիծակ ստորագրությամբ, մեծ մասամբ նշելով նաև ծաղկման վայրը և տարեթիվը։ Մենք հիշատակարաններից իմանում ենք նաև, որ նրա անունը դուրս էր եկել Կիլիկիայի սահմաններից, որ նա պատվերներ էր ստանում ոչ միայն Փոքր Հայքի մայրաքաղաք Սեբաստիայի եպիսկոպոսից (1320 թ.), ինչպես նշվեց վերևում, այլև Անդրեաս աբեղայից (1336 թ.)՝ «ի գաւառէ Այրարատայ, ի գեղջէ Կոշա», նշանավոր մանրանկարիչ Ավագից, որը 350 թվականից գտնվում էր Կիլիկիայում։ Սարգից Պիծակի ձեռքի գործն են համարում նաև 1312 թ. գրված Տարոնի Ղազարի վանքի ավետարանի ավետարանիչների նկարները։ Նրա էջի հիշատակարանում նշված է. «Քրիստոս աստուած պահեա անարատ վարուք յայսմ աշխարհի զՍարգիս քահանայ և ի հանդերձեալսն զարդարէ զինքն իւրեաւքն անթառամ պսակաւք, որ զաւետարանչերն ետ նկարեալ ի Կիլիկէ և յղարկեաց»։ Ըստ երևույթին Սարգիս Պիծակը մենակ չի աշխատել, այլ ունեցել է օգնող աշակերտներ։ Այլ կերպ դժվար է բացատրել նրա անվամբ մեզ հասած ձեռագրերի մեծ թիվը։

Սարգիս Պիծակը պատվերներ էր ստանում ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության և ազնվականության կողմից, այլև իր աստիճանն ունեցող քահանաներից։ Այսպես, Վենետիկի Ս. Ղազար վանքի մատենադարանի Անտիոքի օրինագրքի պատվիրատուն եղել է Լևոն Դ թագավորը (Վենետիկ, N 107), 1346-ի ավետարանի (Երուսաղեմ, N 1973) պատվիրատուն՝ Մարիուն թագուհին՝ Կոստանդին թագավորի կինը, իսկ Երևանի 1338-ի Աստվածաշունչը (Մատ. N 2627) պատկերազարդվել է Հակոբ կաթողիկոսի 1335-ի ավետարանը (Մատ. N 6504)՝ Մարտիրոս քահանայի, 1336-ի «Արքունական ավետարանը»՝ Արարատյան գավառի բնակիչ Անդրեաս աբեղայի համար։ Եվ ուշագրավն այն է, որ նկարիչը նույն բարեխղճությամբ աշխատել է և՛ կաթողիկոսի, և՛ աբեղայի համար։ Նրա անունով հասած վերջին ձեռագիրը, որ գրել և ծաղկել է ինքը, 1353-ի «Բժշկության ավետարանն» է (Մատ. N 6795)։

Հետագայում Կիլիկիայում ծաղկվում են հատուկենտ ձեռագրեր, բայց այդ բեղուն և եռանդուն վարպետի անունը այլևս չի հիշատակվում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 217—218.
  2. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Պիծակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 217